Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար, միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա դասավանդող Ազատ Ղուկասյանը, ով կասկածվում է անչափահաս, 8-րդ դասարանի աշակերտուհուն բռնաբարելու մեջ, երեկ` փետրվարի 28-ին, հարցաքննվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազատ Ղուկասյանը:

Նա նշեց, որ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, ամեն ինչ կպարզվի դրանից հետո եւ ինքը կասի իր ասելիքը: «Ես նորից եմ ասում, դա զրպարտություն է, շանտաժ է իմ դեմ, ես այդպիսի քայլերի չեմ գնացել»,- նշեց գյուղապետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը, ով միաժամանակ գյուղի դպրոցում ֆիզկուլտուրա է դասավանդում, կասկածվում է անչափահաս, 8-րդ դասարանի աշակերտուհուն բռնաբարելու մեջ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 142-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարել»), կատարվում է նախաքննություն:

Ինքը` Ազատ Ղուկասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքել էր, որ նման բան է եղել, նշելով, որ ինքն առհասարակ երբեւէ սեռական կապի մեջ չի եղել իր աշակերտուհիների հետ: Հարցին, թե ինչո՞ւ հենց իր անվան շուրջ են նման խոսակցություններ շրջանառվում, Ազատ Ղուկասյանը պատասխանեց, որ իրեն շանտաժ անողներն են խաղում իր բարի համբավի հետ, թշնամիներ ունի, դավադրություն են կազմակերպել եւ այլն` հավելելով, որ ամեն ինչ պարզ կլինի մի քանի օրից, այժմ ավելին չի կարող ասել: «Համոզված եղեք` ով ինչ ասել ա, գրել ա, պատասխան ա տալու դրա համար»,- ասել է գյուղապետը` շեշտելով, որ պատասխանատու է իր ասածների համար եւ շարունակելու է դասավանդել դպրոցում:

Նշենք, որ 50-ամյա Ազատ Ղուկասյանը ՀՀԿ անդամ է, ամուսնացած է,  ունի չորս երեխա եւ հինգ թոռնիկ.

Լուսանկարը` «Հետքի»