Սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդայի գործով անցնող Քյարամ Ամոյանը, ով «Եզդի Ճակոյի» քրոջ որդին է, հացադուլ է հայտարարել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական վարչության պետ Գոռ Ղլեչյանի տեղեկացրեց, որ երեկ` փետրվարի 29-ին ժամը 18.30-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմին հացադուլի դիմում է ներկայացրել Քյարամ Ամոյանը: Նա պահանջում է իրեն տեղափոխել գոնե «Դատապարտյալների հիվանդանոց»: Այս պահին նրա հետ հոգեբաններ են աշխատում:
Քյարամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն մտահոգում է իր որդու առողջական վիճակը նա պահանջում է, որ նրան, ոչ թե տուն թողնեն կամ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխեն, այլ նրա կյանքի անվտանգությունից ելնելով տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց:
Ավելի վաղ Գոռ Ղլեչյանը նշել էր, որ անհրաժեշտության դեպքում, եթե բժիշկները գտնեն, որ պետք է տեղափոխվի «Դատապարտյալների հիվանդանոց» կտեղափոխեն: Այս անգամ եւս նշեց, որ այդ անհրաժեշտությունն այս պահին չկա:
Հիշեցենք, որ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 23-ին վնասազերծված բանդայի գործով անցնող 19 ամյա Քյարամ Ամոյանը 21 օր հիվանդանոցում անցկացնելուց հետո, բժիշկների կողմից դուրս է գրվել: Ներկա պահին նա գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում` բժիշկների անմիջական հսկողության տակ: Վերջինս արյան զեղումով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:




























