Վայքի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքում օգոստոսի 11-ին մահացած նորածնի գործով այդ բաժանմունքի արդեն նախկին վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանի կողմից բժշկական սխալ թույլ չի տրվել, հետեւաբար, այդ ժամանակ պատժվողներն էլ պարզապես «քավության նոխազ» էին: Այսպիսին է մահացած նորածնի դատաբժշկական փորձաքննության եզրակացություն արդյունքը:
Այս դեպքի առնչությամբ Առողջապահության նախարարի առաջարկով «պատժվելիք» անձինք այժմ աշխատում են իրենց տեղերում, Արտաշես Գալստյանը` Վայոց Ձորի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ, Ռոբերտ Ասլանյանը` «Վայքի ԲԿ» ՓԲԸ տնօրեն, իսկ Մետաքսյա Հովհաննիսյանը զբաղվում է գինեկոլոգիական գործունեությամբ, աշխատում է որպես գինեկոլոգ, կոնսուլտացիաներ է անում, ծնունդներ ընդունում, բայց առայժմ բաժնի վարիչի պաշտոնում չի վերականգնվի, մինչեւ գործի ամբողջական ավարտը:
Թեեւ Վայքի ծննդատանը մահացած նորածնի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պատրաստ է, սակայն նորածնի մահվան գործով բժշկի մեղավորությունը կորոշի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունը:
Այդուհանդերձ, Մետաքսյա Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում պատմեց, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հետո այժմ ավելի հանգիստ է զգում իրեն` իմանալով, որ իր մեղքը չի եղել երեխայի մահվան դեպքում: Նա պատմեց, որ խորհրդակցել է բավականին պրոֆեսիոնալ իրավաբանի հետ, ով տեղեկացրել է, որ առանց հիմքի ոչ-ոք իրավունք չուներ կասեցնել իր աշխատանքը` որպես գինեկոլոգ, դա կարող էր միայն անել դատարանը` համապատասխան դատավճռի հիման վրա: Իրավաբանը նաեւ նշել է, որ էթիկայի նորմերի խախտման համար իրավունք չունեին նրան պաշտոնազրկել, ծայրահեղ դեպքում կարող էին ժամանակավոր կասեցնել գործունեությունը, կամ էլ նկատողություն անել: Այդ ամենի հետ կապված նա կարող է ամեն րոպե դատարան հայց ներկայացնել, բայց դա չի պատրաստվում անել:
«Ես բավարարված եմ, որ այսօր համոզվեցի, որ իմ մեղքը չկա երեխայի մահվան մեջ, մասնագիտական ոչ մի տեսակի սխալ չի հայտնաբերվել իմ գործունեության մեջ: Բայց թե ես ինչ ապրեցի այս վեց ամիսներին, ոչ-ոք չի կարող պատկերացնել»,- ասաց նա:
Մյուս անձը, ում վերաբերյալ Առողջապահության նախարարը նամակ է ուղարկել մարզպետին եւ առաջարկել աշխատանքից ազատել, Վայոց Ձորի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Արտաշես Գալստյանն է: Նա NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ Քաղծառայության խորհուրդը պետք է համաձայնություն տար, որպեսզի իրեն ազատեին աշխատանքից:
Բայց այն փաստերը, որոնք ներկայացված էին որպես հիմք, հերքվեցին, պարզվեց, որ ինքը ոչ մի խախտում չի արել, իր աշխատանքը կատարել է բարեխղճորեն: Նա եւս տեղեկացրեց, որ ծննդաբերության ժամանակ որեւէ սխալ թույլ չի տրվել, այսինքն` բժշկին անհիմն են պատժել, եւ նա արդարացիորեն կարող է դիմել համապատասխան ատյաններ եւ ասել, որ իրեն օգոստոսից մինչեւ հիմա անհիմն զրկել են աշխատանքից ու փոխհատուցում պահանջել:
«Որպեսզի լրագրողական աղմուկը դադարի, առանց իրականությունը պարզելու եւ դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը սպասելու, իրենք մի քանի հոգու պատժեցին ու դա մենք էինք»,- ասաց նա` հավելելով, որ ասել է, որ բժշկին վերականգնեն նախկին աշխատանքում:
Երրորդ «քավության նոխազը» «Վայքի ԲԿ» ՓԲԸ տնօրեն Ռոբերտ Ասլանյանն էր, ում եւս նախարարի նամակ-առաջարկով պետք է ազատեին աշխատանքից: Ռոբերտ Ասլանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կրկնեց այն, ինչ մինչեւ հիմա էր ասում այսինքն` առանց դատաբժշկական փորձաքննության արդյունքների մեղավորներ փնտրելը եւ մարդկանց պատժելը ժամանակավրեպ է: «Հիմա բոլորս մեր աշխատատեղերում ենք, բայց մնացել է բարոյական ուժեղ հարվածը»,- ասաց նա` հավելելով, որ գործն ամբողջությամբ չի ավարտվել, բայց արդեն իսկ պարզ է, որ բժշկական սխալ չի եղել: Նրա կարծիքով` մարզպետի համբերատարության եւ մեծահոգության շնորհիվ իրենց աշխատանքից չազատեցին, քանի որ նա ասել էր, որ պետք է սպասել դատաբժշկական փորձաքննության պատասխաններին եւ նոր պատժել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Չենք լռելու» նախաձեռնությունը տեսագրություն էր տարածել որում երեխայի հարազատները պատմում էին, թե օգոստոսի 11-ին ծննդաբերության հատկանիշներով Վայքի հիվանդանոց են տեղափոխել Գնդեվազ գյուղի բնակչուհի Ա.Թորոսյանին եւ սպասել են բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանին: Վերջինս հայտարարել էր, թե դիմացեք, մինչեւ բուրդս չփխեմ-գամ: Երեխայի հարազատների փոխանցմամբ, բժշկուհին ցուցում է տվել անալգին եւ դեմիդրոլ սրսկել, ինչն էլ բարդությունների էր հանգեցրել հղի կնոջ մոտ ծննդաբերության ժամանակ: Երեխային տեղափոխել էին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Նորածնային եւ մանկական վերակենդանացման կլինիկա, որտեղ էլ նա մի քանի օր անց մահացել էր: Հայաստանի ոստիկանությունը փաստի առթիվ քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով (Բժշկակական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):
Նշենք, որ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, բացթողումները նկատի ունենալով, սեպտեմբերի կեսերին նամակ է ուղարկել Վայոց Ձորի մարզպետին եւ առաջարկել զբաղեցրած պաշտոններից ազատել մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետին, բուժկենտրոնի տնօրենին, նաեւ կասեցնել Վայքի հիվանդանոցի մանկաբարձական-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանի պաշտոնավարումը:
Պատրաստեց` Ինգա Մարտինյանը



























