2011թ. արձանագրվել է լրագրողների նկատամամբ ֆիզիկական բռնության 4 դեպք, իսկ 2010 թ. մայիսին զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումից հետո մինչեւ նախորդ տարվա հոկտեմբերի 1-ը լրատվամիջոցների դեմ հարուցվել է 29 դատական գործ: Այսօր` մարտի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման տվյալներ է ներկայացրել «Հայաստանի հելսինկյան կոմիտեն»` 2011-ի իր զեկույցը ներկայացնելիս:
Ըստ այդմ, առաջին բռնությունը լրագրողի նկատմամբ արձանագրվել է ապրիլի 23-ին «Հրազդան» մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում, երբ «Արարատ»-«Փյունիկ» հանդիպման ընդմիջման ժամանակ «Արարատի» գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը ծեծի է ենթարկել ֆոտոթղթակից Աշոտ Առուշանյանին եւ նրան ծնոտի վնասվածք հասցրել:
Բռնության ենթարկված մյուս լրագրողը «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն է, ում մարմնական վնասվածք է հասցրել «Զինվոր» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանը: Նրան հաջորդում է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Անի Գեւորգյանը, ում լրագրողական պարտականությունները կատարելիս խոչընդոտել էր ոստիկանը, հարվածել ձեռքին ու փորձել խլել լուսանկարչական ապարատը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը եւս զերծ չի մնացել բռնութունից, ում ավտովթարի վայրում քաշքշել եւ հարվածել էին:
«Հելսինկյան կոմիտեն» արձանագրում է նաեւ, որ թերթերը «աստղաբաշխական փոխհատուցում վճարելու պահանջով դատական հայցերը համարում են իրենց համար սպառնալիք» եւ այն, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմեց Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի սահմանադրականությունը, իսկ ՍԴ-ն էլ իր մեկնաբանություններում ամրագրեց, որ փոխհատուցման չափը սահմանելիս պետք է հաշվի առնվի պատասխանողի գույքային դրությունը: Կոմիտեն հանդես է գալիս նաեւ առաջարկություններով, ըստ որի դատարաններին առաջարկում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված վիրավորանքի եւ զրպարտության վերաբերյալ գործերով զերծ մնալ տպագիր մամուլի դեմ ներկայացված հայցերով փոխհատուց,ամ առավելագույն չափը սահմանելուց: Փոխհատուցման չափը պետք է համարժեք լինի հասցված իրական վնասին: Իսկ լրատվամիջոցներին առաջարկում սահմանել լրագրողական էթիկայի կանոններ, ձեւավորել օմբուդսմենի ինստիտուտ, ստեղծել ինքնակարգավորման մեխանիզմներ:




























