Հայաստանում սպասվում է հերթական փորձաշրջան` ընտրությունները, որոնք զգալիորեն տարբերվելու են նախորդներից: Այս մասին այսօր` մարտի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը` հավելելով, որ դրա պատճառն այն է, որ սպասվող ընտրություններում կա լուրջ մրցակցություն, եւ եթե ընդդիմությունը կարողանա ճիշտ մարտավարություն վարել, ապա հաջողությունն անխուսափելի է: «Ընդդիմությունը պետք է հաշվի առնի իշխանության որակները եւ այնպիսի քայլեր անի, որ չկրկնվի մարտի 1-ը:Պետք է ժողովրդի հետ անկեղծ լինել եւ չշահարկել»,- ասաց Պետրոս Մակեյանը:
Նրա խոսքով` իրենք այս ընտրությունները պետք է օգտագործեն միջոց նախագահականին գնալու համատեքստում: «Այս ընտրությունները պետք է օգտագործել երկրում որակական փոփոխությունների իրականացման համար: Այս տարի հնարավորություն է ընձեռված իրավիճակ փոփոխել եւ այն պետք է օգտագործել»,- ասաց նա:
Պետրոս Մակեյանի կարծիքով` ՀԱԿ-ի առաջնային խնդիրներից մեկն այն է, որ դաշինքը, քաղաքական բոլոր տեխնոլոգիաները օգտագործելով, ժողովրդին պետք է բացատրի, որ այն պետք է զերծ մնա ընտրակաշառքներից:


























