2012 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտավ ավելացված արժեքի հարկի նոր փոփոխությունը, որով կոմիսիոն գումարը (միջնորդավճարը) այլեւս չի դիտարկվում որպես հարկման բազա: Այդ փոփոխությունը հատկապես բողոքի մեծ ալիք բարձրացրեց գրավաճառների ու հրատարակիչների շրջանում: Նրանց տեսակետին NEWS.am-ն արդեն անդրադարձել է:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նույնպես համաձայնեց պարզաբանումներ տրամադրել:
Պրն. Գաբրիելյան, ինչո՞վ էր պայմանավորված ավելացված արժեքի հարկի մասին օրենքում կատարված վերջին փոփոխությունը:
Մենք ունեինք խնդիր. ավելացված արժեքի հարկ վճարող սուբյեկտները խուսափում էին գործ ունենալ կոմիսիոն հիմունքներով աշխատող տնտեսվարողների հետ: Խոսքը հատկապես գրախանութներին չի վերաբերում, քանի որ կոմիսիոն առեւտուրը տարածված է նաեւ անշարժ գույքի ոլորտում, հագուստեղենի դաշտում, լիցքավորման քարտերն են այդպես վաճառվում եւ այլն: Ավելացված արժեքի հարկ վճարող սուբյեկտը պետք է հնարավորություն ունենա այդ հարկը նվազեցնել ձեռքբերված ապրանքի գնի մեջ ներառված ավելացված արժեքի հարկի չափով, այլապես ֆինանսական կորուստներ կլինեն: Օրենքի փոփոխությունն ընդամենը այդ հնարավորությունն է ընձեռում, որպեսզի շղթան ամբողջանա:
Այդ դեպքում ինչո՞ւ են գրախանութները բողոքում հարկային պարտավորությունների աճից:
Գրքերը հարկելու ոչ ցանկություն է եղել, ոչ էլ նման տրամաբանություն կա օրենքում: Մենք գրախանութների կամ հրատարակչությունների համար հատուկ ոչինչ չենք փոխել: Ընդհակառակը` հաշվի ենք առել, որ գիրք գնողները հիմնականում քաղաքացիներն են (ավելացված արժեքի հարկ չվճարողներ): Այդ դեպքում հարկի հաշվարկման մեխանիզմը մնում է նախկինի պես, ուղղակի հարկավոր է աշխատել, այսպես կոչված, հանձնարարականների միջոցով: Դա ընդամենը նշանակում է`կոմիսիոնից տարբեր պայմանագրի առկայություն հրատարակչի (կամ` գիրքը վաճառքի հանողի) եւ գրախանութի միջեւ: Գրախանութների մեծամասնությունը կարող է աշխատել հանձնարարականի ռեժիմով, որի դեպքում որեւէ լրացուցիչ հարկային ծանրաբեռնվածություն չկա: Հիմա փաստորեն տնտեսվարողին կամ այս դեպքում կոնկրետ գրախանութին տրվում է 2 գործիք` մեկով աշխատում է ավելացված արժեքի հարկ վճարողների հետ, մյուսով` այլ գնորդների հետ: Օրինակ` հաշվապահական գրքերը սովորաբար ձեռք են բերում ավելացված արժեքի հարկ վճարողները, իսկ գեղարվեստական գրքերը` քաղաքացիները: Նրանցից յուրաքանչյուրի հետ կարելի է աշխատել տարբեր ռեժիմով: Կոմիսիոն առևտրի մյուս ոլորտներում որեւէ խնդիր չի առաջացել, երևի գրախանութները սովոր են աշխատել հին ռեժիմով, օրենքի այս նոր ընձեռած հնարավորության մասին չեն մտածել:
Բայց տնտեսվարողներից շատերը բողոքում են, որ թղթաբանությունն ավելանում է:
Դա հնարավոր է, թեեւ չեմ կարծում, որ անհաղթահարելի խնդիր է: Կարեւորն այն է, որ հարկերը չեն ավելացել, իսկ թե հաշվապահը մի 2 թուղթ ավելի պետք է լրացնի` դա վարչարարության խստացում չի նշանակում:
Գրողներից շատերը խոսում են գրքերն ընդհանրապես հարկումից ազատելու անհրաժեշտության մասին:
Մեզ մոտ մանկական, ուսումնական, գիտական գրականությունը եւ պարբերական մամուլը արդեն իսկ ազատված են ավելացված արժեքի հարկից: Մնում է գեղարվեստական եւ ոչ գեղարվեստական գրականությունը: Երբ գրահրատարակիչների հետ հանդիպեցինք` ասացին 30 մլն դրամի մասին է խոսքը: Պետական բյուջեով 2012 թ. 132 մլն դրամի գիրք է տպվելու: Այսինքն` չորս անգամ ավելի շատ սուբսիդավորում ենք գրականությանը, քան վերցնում ենք հարկի տեսքով: Մենք քաղաքականություն որոշող մարմին ենք, պետք է ընտրություն անել. կամ պետք է ծախս անելով աջակցենք ոլորտին, կամ էլ` հարկերից ազատելով: Մենք հարկից ազատում ենք այն ժամանակ, երբ ցանկանում ենք լոկ տնտեսական ակտիվությունը խթանել, բայց մշակույթի ոլորտում նման բան չենք անում, քանի որ կարևորում ենք ուղղորդված զարգացումը, այսինքն խրախուսում ենք որոշակի չափանիշներին համապատասխող գրկականությունը : Պետությունն անհամեմատ շատ ծախսում է, քան կարող է ստանալ այդ ոլորտից:
Ըստ Ձեզ` երբ հստակություն կմտցվի գրախանութների հարցում:
Պաշտոնական պարզաբանումն արդեն ստորագրված է, երկուշաբթի արդեն կուղարկենք բոլորին: Կարծում եմ` դրանից հետո բոլոր թյուրըմբռնումները կվերանան, իսկ տնտեսվարողները հստակ կիմանան, թե ինչ ռեժիմով են աշխատելու:
Զրուցեց Սամվել Ավագյանը




























