Բռնցքամարտի միջին քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները օրերս սուր քննադատության է ենթարկել իր սանին, հայտնում է գերմանական Bild-ը։ Վեգների կարծիքով, Աբրահամն իրեն ոչ պրոֆեսիոնալ է պահում եւ վերջին ժամանակներս չի ենթարկվում ռեժիմին։ Հայազգի մարզիկի ուսուցիչը վստահ է, որ եթե Արթուրը չվերանայի իր պահվածքը, ապա կհայտնվի իր գործընկերոջ՝ Միքել Քեսլերի կարգավիճակում։ Հիշեցնենք, որ Super Six World Boxing Classic-ի շրջանակներում դանիացին իր վերջին մարտի ժամանակ պարտվել էր Անդրե Ուորդին։
«Եթե նա խելքը գլուխը չհավաքի եւ հարկ եղածի պես չմարզվի, ապա հունվարի 23-ին ամերիկացի Անդրե Դիրելի հետ հանդիպումը նրա համար կարող է վատ վերջանալ։ Ես նրան ասել եմ, որ այդպես չի կարելի։ Արթուրը ամբողջ ժամանակ մասնակցում է ինչ-որ միջոցառումների, մի տեղից մյուսն է մեկնում։ Արթուրին բացի մարզադահլիճից կարելի է տեսնել ամենուր՝ Մոսկվայում, Թուրքիայում։ Նա պետք է վերջնականապես կենտրոնանա իր մարզումների վրա»,- հայտարարել է զայրացած Վեգները։




























