Հայտնաբեվել են Թեհրան-Երեւան չվերթի ՏՈՒ-154 կործանված ինքնաթիռի երեք «սեւ արկղերից» 2-ը։
Իրանի տրանսպորտի նախարարության ստեղծած ճգնաժամային խմբի ղեկավար Ահմադ Մաջիդի խոսքերով, հայտնաբերված ինքնագրիչները բավական վնասված են։ Այնուամենայնիվ, իրանցի մասնագետներն անում են ամեն ինչ տեղեկատվության վերականգնման եւ ողբերգության պատճառների հստակեցման համար։ «Եթե չկարողանանք դա անել մեր ուժերով, կդիմենք արտադրող երկրի մասնագետներին», — ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ երեկ, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ըստ նախնական տվյալների, ուղեւորների թվում եղել են 37 հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:




























