Հայաստանի Հանրապետության պատգամավոր, ընդդիմադիր ՀԱԿ միավորման անդամ Սասուն Միքայելյանին Հունիսի 22-ին դատապարտել են 8 տարվա ազատազրկման։ Ինչպես հայտնում է NEWS. Am-ի թղթակիցը դատավճռի ժամանակ Միքայելյանը դատարանի դահլիճում գտնվող համակիրների հետ միասին երգում էր հայրենասիրական երգեր։

Իրավիճակը լարված էր նաև դատարանի շենքի շրջակայքում։ Շենքն ամբողջապես շրջափակել էր ոստիկանությունը։ Միքայելյանի հարազատներին ու համակիրներին դատարանի շենք մտնել չեն թույլատրել։ Դատարանի դահլիճ չեն կարողացել մտնել նաև սրանից մի քանի ժամ առաջ ազատ արձակված Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին, Ալեքսանդր Արզումանյանին և Սուրեն Սիրունյանին։

Դատավճիռը կայացնելուց հետո, երբ Միքայելյանին դահլիճից դուրս են հանել, նրա համակիրները պառկել են այն ճանապարհի վրա, որով պետք է անցներ կալանավորին տանող մեքենան։ Ոստիկանությունը բացել է ճանապարհը, որից հետո մեքենան մեծ դժվարությամբ հեռացել է դատարանի տարածքից։

Նշենք, որ ընդդիմության մի շարք ղեկավարներ, այդ թվում Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, արտաքին գործերի նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել էին 2008թ փետրվարին։