Այսօր Հայաստանում սուգ է հայտարարվել ի հիշատակ Իրանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի: Ողջ երկրով մեկ, ինչպես նաեւ արտերկրի ներկայացուցչություններում կիջեցվեն պետական դրոշները: Չեղյալ են համարվել զվարճալի միջոցառումները, համապատասխան փոփոխություններ են մտցվել հեռուստա եւ ռադիոհաղորդումներում:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, Իրանի Տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում, եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից թռչելուց 16 րոպե հետո, ինքնաթիռն ընկել է Կազվինի շրջանի Ջենեթաբադ քաղաքի մոտակայքում: Ընկնելուց հետո ինքնաթիռն այրվել է: Բոլոր ուղեւորները զոհվել են, այդ թվում չորս երեխա: Զոհվածների շարքում են Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ:
Եռօրյա սուգ է հայտարարվել նաեւ Իրանում:




























