Նյու Յորքում, մարտի 1-ին, ավարտվել է ՄԱԿ-ի կանոնադրության եւ կազմակերպության դերի բարձրացման հատուկ կոմիտեի 2012թ. նստաշրջանը, որը նախագահել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հատուկ կոմիտեն կոչված է քննարկելու կառավարություններից ստացված առաջարկությունները, որոնք ուղղված են կազմակերպության գործունեության եւ նպատակների իրականացման արդյունավետության բարելավմանը:
Ի թիվս օրակարգի այլ հարցերի, որոնք ներառում էին միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման եւ ապահովման, Կանոնադրության VII գլխի համաձայն պատժամիջոցների կիրառման արդյունքում վնասներ կրած երրորդ երկրներին աջակցություն ցուցաբերելու հարցում ՄԱԿ-ի Կանոնադրության դրույթների կիրառման առաջարկությունները, Հատուկ կոմիտեի այս նստաշրջանում որոշվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունմանը ներկայացնել բանաձեւ` նվիրված Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման վերաբերյալ Մանիլայի հռչակագրի երեսունամյակին:
Այս բանաձեւը, վերահաստատելով Մանիլայի հռչակագրի հիմնարար բնույթը, կոչ է անում անդամ երկրներին բարեխղճորեն կատարել միջազգային վեճերի խաղաղ կարգավորման վերաբերյալ հռչակագրի դրույթները, որոնցում մեծապես կարեւորվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի անվերապահ իրականացումը, վեճերի կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով, ուժի կիրառման անթույլատրելիությունը եւ բացառումը, տարածաշրջանային կառույցների ու միջնորդության դերը:




























