Վրաստանի սահմանային ոստիկանությունը ձերբակալել է Հայաստանի քաղաքացի Արսեն Նալչաջյանին: Ըստ Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդման` նա ձերբակալվել է 2012 թվականի փետրվարին վերահսկող անցակետը շրջանցելով Վրաստանի սահմանը հատելու համար:
Սահմանային ոստիկանության վարչությունում հայտնել են, որ գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի համաձայն (Վրաստանի պետական սահմանի ապօրինի հատելու համար): Մեղքն ապացուցվելու դեպքում Արսեն Նալչաջյանին սպառնում է տուգանք կամ 3-5 տարվա ազատազրկում, հաղորդում է «Կավկազ պրեսս» գործակալությունը:
Հունվարի 14-ին Վրաստանի ՆԳՆ-ի սահմանային ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել էր ՌԴ-ի քաղաքացի Արմեն Գասպարյանը, որը նույնպես մեղադրվում էր անցակետը շրջանցելով հայ-վրացական սահմանն ապօրինի հատելու մեջ:




























