Եվրոպական միությունը մտադիր է համոզել Մեծ Բրիտանիային, Կանադային և Ճապոնիային 2027 թվականին ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը։ Գնահատականների համաձայն՝ Կիևը պետք է ծածկի 70 մլրդ եվրոյի ֆինանսավորման պակասը։ Միևնույն ժամանակ, ԵՄ-ը և նրա անդամ պետություններն արդեն ապահովում են երկրի ֆինանսական կարիքների մոտ 80 տոկոսը, գրել է Guardian-ը։

Եվրոպական դաշնակիցները, բյուջեների վրա աճող բեռի ֆոնին, ակնկալում են գործընկերներից ներգրավել լրացուցիչ միջոցներ։ ԵՄ-ը նաև Ուկրաինայի համար համաձայնեցրել է 90 մլրդ եվրոյի վարկ։

Մեծ Բրիտանիան ավելի վաղ պարտավորվել էր Ուկրաինային տրամադրել 25 մլրդ ֆունտ սթեռլինգի օգնություն, այդ թվում՝ 16 մլրդ ֆունտ սթեռլինգի ռազմական աջակցություն։ Սակայն եվրոպական երկրներն անհրաժեշտ են համարում հասնել հաջորդ տարվա համար նոր ֆինանսական պարտավորությունների ստանձնման։

Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի տվյալներով՝ Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալը՝ ՀՆԱ մասնաբաժնի վերածած, էապես տարբերվում է երկրների միջև․ Մեծ Բրիտանիայի դեպքում այդ ցուցանիշը կազմում է 0,86, Ֆրանսիայի՝ 1,1, Գերմանիայի՝ 1,5 տոկոս։ Համեմատության համար՝ Դանիան ուղղում է ՀՆԱի 4,2 տոկոսին համարժեք միջոցներ, իսկ Էստոնիան՝ 3,8 տոկոս։

Ուկրաինային լրացուցիչ աջակցության տրամադրման հարցը նախատեսվում է քննարկել նոյեմբերի 20-ին կայանալիք ԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովում։ Բացի այդ, կողմերը մտադիր են առաջընթաց գրանցել սանիտարական նորմերի, արտանետումների և երիտասարդների շարժունակության շուրջ բանակցություններում։