«Մոսկվա» կինոթատրոնից գողություն կատարելու կասկածանքով կալանավորված Ստեփան Հովակիմյանի հայրը` Բենիամին Հովակիմյանը բաց նամակով դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, խնդրելով փոխել նրա խափանման միջոց կալանքը եւ անթույլատրելի ճանաչվեն բռնության եւ ճնշումների միջոցով ստացված ապացույցները:
Բ. Հովակիմյանի բաց-նամակում, մասնավորապես, ասվում է.
«Դիմում եմ Ձեզ` որպես ՀՀ-ում արդար դատավարության իրականացման երաշխավորի:
Որդիս` Ստեփան Հովակիմյանը, արդեն երկու տարի է գտնվում է կալանքի տակ: Նա մեղադրվում է իր ընկերոջ` Վահրամ Քերոբյանի հետ միասին «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ: Քրեական գործը գտնվում է Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարանում (դատավոր Մխիթար Պապոյան):
Գողությունը կատարվել է 2010 թվականի հունվարի 10-ին, իսկ քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին։ Այս ընթացքում որդիս երկու անգամ, առանց պատշաճ ծանուցման, տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, ենթարկվել խոշտանգումների: Բերման ենթարկելու մասին որեւէ արձանագրություն չի կազմվել: Երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին, զրուցելու պատրվակով նա կանչվել է քաղաքային վարչություն, 7 ժամ շարունակ ենթարկվել ֆիզիկական եւ հոգեբանական խոշտանգումների: Չի ապահովվել փաստաբանի ներկայություն, չեն ներկայացվել նրա` որպես կասկածյալի իրավունքները, հնարավորություն չի տրվել տեղյակ պահել ընտանիքի անդամներին: Բռնի մեթոդներով կորզված ինքնախոստովանական ցուցմունքը միակ ապացույցն է, որն այսօր քրեական գործի հիմքում է: Միայն այդ ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է նաեւ նրա ընկերը` Վ. Քերոբյանը:
Ոստիկանության ապօրինի գործողությունների, խոշտանգումների վերաբերյալ որդիս` Ս. Հովակիմյանը եւ պաշտպան Տ. Սաֆարյանը դիմել են գործին առընչվող բոլոր ատյաններին` նախաքննությունը վարող քննիչին, կալանքի որոշումը կայացնող դատավորին, դատավարությունը իրականացնող դատավորներին, դատախազությանը, հատուկ քննչական ծառայությանը: Մեկ տարի անց, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին դիմելուց հետո, պատկան մարմինները արձագանքեցին խոշտանգումների եւ ապօրինի գործողությունների վերաբերյալ հայտարարություններին` լսելով սակայն միայն ոստիկանների միակողմանի բացատրությունները` ապօրինությունները արդարացնելու ակնհայտ միտումով:
Հարգարժան պարոն Գլխավոր Դատախազ, տվյալ դեպքում ակնհայտորեն խախտվել են արդար դատաքննության եւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները: Հավատցնում եմ Ձեզ, որ քր.գործում առկա են բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են ոստիկանների ապօրինի գործողությունների եւ հնարավոր խոշտանգումների մասին, սակայն մեր կողմից ներկայացված փաստերը հաշվի չեն առնվում:
Գործը կազմելիս քննիչը առաջնորդվել է ոչ թե անմեղության կանխավարկածով, այլ` գողությունը այս տղաների կողմից կատարված լինելու ենթադրությամբ: Քրեական գործի բոլոր դրվագները թերի են եւ փաստերով չհիմնավորված, վերլուծությունները անհամոզիչ են եւ, ակնհայտորեն, կառուցված են մեղադրանքը «անցկացնելու» միտումով: Այս պատճառով էլ, դատարանին ներկայացրել ենք եւ ցանկություն ունենք ներկայացնելու գործի հանգամանքները պարզող մի շարք միջնորդություններ: Դատավարությունը անհարկի ձգձգվում է, որի հետեւանքով խախտվում է ողջամիտ ժամկետում գործի հրապարակային քննության իրավունքը: Արդեն երկու տարի է որդիս կալանավորված է: Կայացել է 55 դատական նիստ, եւ պարզ չէ, թե դեռ որքան կշարունակվի: Ակնհայտ է` ոչ մի բացատրություն չի կարող արդարացնել այս փոքրիկ գործի` երկու տարուց ավել ձգձգվելու հանգամանքը:
Խոշտանգումների միջոցով ինքնախոստովանական ցուցմունք կորզելը, առանց հիմնավորումներ հրապարակելու կասկածյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, ոստիկանության ապօրինությունների վերաբերյալ մեր ներկայացրած փաստերը ՀՔԾ-ի կողմից անտեսելը, դատավարության ժամկետների անտրամաբանական ձգձգվելը եւ մի շարք այլ հանգամանքներ փաստում են արդարացի դատավարության իրավունքի խախտումները:
Միայն հիշեցնեմ` այս գործի առընչությամբ դեռ անցած տարի Ձեզ են դիմել հանրապետության ճանաչված մտավորականներ ու հասարակական գործիչներ, համատեղ հայտարարություն են տարածել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը:
Հարգարժան պարոն Գլխավոր Դատախազ, Ձեզ ուղված նամակ-դիմումս չեմ ուզում ծանրացնել մանրամասներով: Քրեական այս գործը հասարակական հնչեղություն է ստացել եւ լայնորեն քննարկվել է մամուլում: Հրապարակումներին կարող եք ծանոթանալ այստեղ` http://stepanhovakimyan.wordpress.com: Անհրաժեշտության դեպքում քր. գործում առկա թերությունների եւ բացթողումների, ինչպես նաեւ խոշտանգումների վերաբերյալ պատրաստ ենք ներկայացնել բազմաթիվ այլ մանրամասներ:
Դիմում եմ Ձեզ ակնկալիքով, որ Ձեր անմիջական միջամտությամբ
- կփոխվի Ս. Հովակիմյանի խափանման միջոցը` կալանավորումը կփոխարինվի գրավով,
- անթույլատրելի կճանաչվեն բռնության եւ ճնշումների միջոցով ստացված ապացույցները,
- կապահովվի արդար դատաքննության իրավունքի իրականացումը,
- կկատարվի խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների լիարժեք քննություն:
Կից Ձեզ եմ ուղարկում նաեւ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի համատեղ հայտարարությունը»:
Նշենք, որ ՀՔԾ ներկայացված 2010 թ. փետրվարի 6-ին տեղի ունեցած խոշտանգումների վերաբերյալ Հովակիմյանի բողոքին ընթացք չի տրվել: ՀՔԾ որոշել է գործ չհարուցել, հիմնվելով այդ առիթով ոստիկանության ծառայողների տված բացատրությունների վրա: Այդ որոշումը բողոքարկվել է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում եւ մերժվել է 2011 թ. օգոստոսի 2-ին: Այնուհետեւ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեկան դատարան, սակայն դատարանը անփոփոխ է թողել այդ որոշումը: Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան։ Վերջինս որոշում դեռ չի կայացրել բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ։




























