Բոլոր քաղաքական ուժերն իրենց համամասնական ցուցակները կազմելիս կողմնորոշվում են ըստ ՀՀԿ-ի, քանի որ իշխող կուսակցությունն է դոմինանտը քաղաքական դաշտում: Այս մասին, այսօր` մարտի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, հավելելով, որ բոլոր փորձում են մրցել հաղթող ուժի հետ:

Նրա խոսքով, ՀՀԿ-ի խնդիրն իր ունեցած դիրքն էլ ավելի ամրապնդելն ու ազգաբնակչության վստահության քվեն ձեռք բերելն է: Ավելին, իրենք իրենց ոչ ոքից չեն գերադասում:

Ասուլիսի մյուս բանախոսը` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ իրենք ամենեւն էլ չեն սպասում ՀՀԿ-ի ցուցակի ձեւավորմանը, իսկ իրենց համամասնական ցուցակը կազմելիս հաշվի են առնելու «Ժառանգության» ներսի եւ հասարակության տրամադրությունները: Նա համաձայնեց, որ ՀՀԿ-ն դոմինանտ է արտագաղթի, տնտեսական հարցերի, սոցիալական վատթար վիճակի հարցերում, երբ աղքատության ցուցանիշը 36 տոկոս է կազմում:

Վարդան Այվազյանն ի պատասխան նկատեց, որ իրենք  պատասխանատու են, թե’ լավի, թե’ վատի համար: Ավելին` հիշեցրեց, որ  ՀՀԿ-ն գնաց միասնության գաղափարախոսության հետեւից` համագործակցելով կոալիցիոն ուժերի հետ եւ երկխոսության գնաց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ: