Երեւանում շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության 12-րդ համագումարը, որին մասնակցում է 1860 պատվիրակ։ Հյուրերի թվում են «Եդինայա Ռոսիա» եւ եվրոպական ազգային կուսակցության ներկայացուցիչներ։ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի եւ իր անունից ողջունելով պատվիրակներին՝ ԽՍՀՄ եւ Ռուսաստանի հերոս, «Եդինայա Ռոսիայի» վարչության անդամ Արթուր Չիլինգարովը նշել է, որ ՀՀԿ-ի իշխանության ղեկին լինելու տարիներին հայ-ռուսական հարաբերությունները ավելի են ամրապնդվել, առեւտրատնտեսական համագործակցությունն ակտիվացել է, ինչի վկայությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ այս տարվա՝ 1.5 մլրդ ռուբլին գերազանցող առեւտրաշրջանառությունն է։

Հանդես գալով ողջույնի խոսքով՝ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, մասնավորապես, հայտարարել է, որ ՕԵԿ-ը միշտ համագործակցել է ՀՀԿ-ի հետ, ինչպես իշխանության կազմում գտնվելու, այնպես էլ ընդդիմություն եղած ժամանակ։ Նա ընդգծել է, որ ՀՀԿ-ն միշտ հասնում է իր առջեւ դրված նպատակներին, իսկ ՕԵԿ-ը այդ գործում պատրաստ է օգնել նրան։ «Այսօր, քան երբեւէ, իշխանությունը ձգտում է իրականացնել իր առջեւ դրված նպատակները»,- հայտարարել է Արթուր Բաղդասարյանը՝ խոսելով հայ-թուրքական արձանագրությունների, Իրան-Հայաստան գազամուղի եւ Իրան-Հայաստան երկաթգծի մասին։

Նախկին ընդդիմադիր, «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը հայտարարել է, որ Հայաստանը իր համար ճակատագրական փուլ է թեւակոխել։ Նա նաեւ հայտարարել է, որ ՀՀԿ համագումարին կուզեր տեսնել առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ «Առա՛ջ, Հայաստան»,- բղավել է Գեղամյանը եւ հեռացել տրիբունայից։

Պատվիրակներին ողջունել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։

Նշենք, որ համագումարին հրավիրված է եղել նաեւ ՀԱԿ-ը, իսկ «Ժառանգություն» կուսակցությունը, որ եւս հրավիրված է եղել, գերադասել է չմասնակցել դրան։