Իսրայելական Spirit World Productions զբոսաշրջային ընկերությունը չեղարկել է դեպի Մավրիկիոս իրականացվող չվերթը։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ տեղի իշխանությունները թույլ չեն տվել ինքնաթիռին վայրէջք կատարել կղզում, հայտնում է The Times of Israel-ը:

Խոսքը Air Seychelles ավիաընկերության չվերթի մասին է, որը պետք է առավոտյան մեկներ Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանից: Spirit World Productions-ի հայտարարության համաձայն՝ Մավրիկիոսի իշխանությունները որոշել են չթույլատրել ինքնաթիռի վայրէջքը:

Ընկերությունում հայտնել են, թե տեղեկություն են ստացել այն մասին, որ տեղի իշխանությունների որոշումը պայմանավորված է եղել «քաղաքական-դիվանագիտական նկատառումներով»: Այդուհանդերձ, հնարավոր պատճառների վերաբերյալ մանրամասներ ընկերությունը չի ներկայացրել:

«Մենք մինչև վերջին պահն անում էինք հնարավոր ամեն ինչ, որպեսզի չվերթն իրականացվեր ըստ նախատեսվածի», — հայտարարել է Spirit World Productions-ի գլխավոր տնօրեն Թալի Յաթիվը:

Նրա խոսքով՝ ընկերությունը շարունակում է աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ ուղևորներին աջակցելու համար, ինչպես նաև համագործակցում է Air Seychelles-ի հետ՝ իրավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով:

Ընկերությունը հայտնել է նաև, որ չվերթի չեղարկման հետ կապված ճանապարհորդներին անհատական աջակցություն է ցուցաբերում: