Լեհաստանը պաշտպանում է Կովկասի բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորումը: Այս մասին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը: Նրա խոսքով, Լեհաստանը քաղաքական երկխոսությունը համարում է միակ ճիշտ գործիքը՝ ճգնաժամային խնդիրները լուծելու համար: «Մենք, ինչպես նախկինում, աջակցելու ենք Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,- ասել է լեհ նախարարը: Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում իր հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հնչած ռազմաշունչ հայտարարություններին, Կլիխը պատասխանել է, որ չի պատրաստվում մեկնաբանել իր զրուցակիցներից որեւէ մեկի խոսքը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Սաֆար Աբիեւը Կլիխի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ ԼՂ խնդրով բանակցությունները Մինսկի խմբի ձեւաչափով արդեն 15 տարի ոչ մի արդյունք չեն տալիս, եւ Բաքվին այլ ելք չի մնում, քան խնդիրը լուծել ուժով: