Ավազակային հարձակման մասին ոստիկանությանը չհայտնելու մեջ մեղադրվող Արման Սահակյանից ցուցմունքներ կորզելու համար վերջինիս ոստիկանական բաժանմունքում ենթարկել են խոշտանգումների: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արման Սահակյանի փաստաբան Գարիկ Մալխասյանը:
Նրա խոսքով, իր պաշտպանյալի հետ ոստիկանություն բերման են ենթարկել նաեւ նրա մորը՝ Էլմիրա Սահակյանին, անչափահաս քրոջը` Հայաստան Սահակյանին, կնոջը` Մերի Ծատուրյանին, նրանց մանկահասակ երկու երեխաների՝ 2 տարեկան տղայի եւ 40 օրական դստեր հետ միասին: Մանկահասակ երեխաների մայրը ժամեր շարունակ անցկացնելով ոստիկանական բաժանմունքում, զրկված է եղել նորածնին կրծքով կերակրելու հնարավորությունից:
Փաստաբանի ներկայացմամբ, ավազակային հարձակումից անտեղյակ մարդուն մեղադրանք առաջադրելուց, խոշտանգելուց զատ, ներկա պահին նրա նկատմամբ փորձեր են արվում նոր գործ հարուցել` խոշտանգումների մասին բարձրաձայնելու համար:
Նշենք, որ Արման Սահակյանը ձերբակալվել է 2010 թվականի հոկտեմբերի 22-ին, ժամը 21:00-ին, իսկ հոկտեմբերի 25-ին ազատվել արգելանքից: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածով 1-ին մասով հաստատապես հայտնի ավազակային հարձակման մասին չհայտնելու մեջ: Խոսքը Էջմիածնի Գրիբոյեդով գյուղում կատարված ավազակային հարձակման մասին է, երբ դիմակավորված անձիք մտել են տուժողի տուն եւ փորձել ավազակային հարձակում կատարել, սակայն տանտիրոջ աղջիկը սենյակից զանգ է տվել ոստիկանություն եւ դիմակավորված անձիք զգալով մոտալուտ վտանգը փախուստի են դիմել:
Գարիկ Մալխասյանի խոսքով, իր պաշտպանյալը ցուցմունքը տվել է Վաղարշապատի ոստիկանական բաժանմունքում գտնվելու ընթացքում` 10-12 ժամ հետո: Ավելին` այդ ամբողջ ընթացքում նա անօրինական է պահվել ոստիկանությունում, որի ընթացքում փորձ է արվել նրան խոշտանգելով ցուցմունքներ կորզել: «Եթե մարդուն ձերբակալում, կալանավորում են հետո տանում են մեկուսարան, նրան պետք է զննության ենթարկեն, տեսնեն նրա մարմնի վրա վնասվածքներ կա՞ն, թե` ոչ: Նրան չեն զննել, բայց պաշտպանյալս պնդում է, որ ծեծի է ենթարկվել: Իսկ այդ մասին բարձրաձայնելու համար ՀՔԾ-ն հիմա ցանկանում է մի հատ էլ զրպարտության համար դատապարտել»:
Ի դեպ, ըստ փաստաբանի, Արման Սահակյանը նշել է, որ ինքն իր ցուցմունքում խոշտանգումների եւ հարազատներին ոստիկանական բաժանմունքում ճնշված եւ խուճապահար տեսնելու արդյունքում է ասել, որ տեղյակ է եղել, թե իր ընկերները պատրաստվել են ավազակային հարձակում կատարել: Ներկա պահին նրա վերաբերյալ քրեական գործը քննվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Սակայն սույն գործը ոչ միայն իր ավարտին չի հասել, այլեւ ավազակային հարձակման մեջ մեղադրվող անձանցից միայն մեկն է ձերբակալված, որի գործով դատական գործընթացը դեռ շարունակվում է, իսկ երկուսը դեռ հետախուզման մեջ են:
Հարկ է նկատել, որ սույն գործով, բացի Արման Սահակյանի եւ նրա հարազատների այդ օրվա թվագրված ցուցմունքներից, այլ ցուցմունքներ կամ ապացույցներ չկան, որոնք կփաստեն Արման Սահակյանի մեղավորությունը: Փաստաբանը բարձրաձայնում է, որ իր պաշտպանյալի խոշտանգման վրա աչք են փակում եւ ստացվում է, որ եթե դու ծեծվելու պահին տեսաձայնագրություն չունես, բայց ոստիկանության աշխատողը քեզ ծեծել է, դրա մասին պետք է չբարձրաձայնես, քանի որ կդատապարտվես սուտ մատնություն անելու համար:
Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի ոստիկանության բաժնի աշխատակիցներին, քննչական բաժնի քննիչներին եւ Արմավիրի մարզի դատախազության դատախազներին բացարկ հայտնելու մասին: Ինչպես նաեւ միջնորդել է վերացնել ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Երեմյանի՝ 2012թ. հունվարի 13-ի կայացրած «նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» որոշումը եւ այն օրինական ու հիմնավոր լինելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հ.Պ.Հարությունյանի 15.02.2012թ. թիվ 12-88-11 գրությունը` օրինական եւ հիմնավոր չլինելու պատճառով: Ներկա պահին պաշտպանական կողմը ցանկանում է հասնել նրան, որ իրականում իր պաշտպանյալին` Արման Սահակյանին խոշտանգողները պատժվեն, ոչ թե` նա:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























