Թերթը գրում է, որ 2007թ. խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ստացել էր ընտրողների 15,1 տոկոսի ձայները, իսկ ՀՅԴ-ն` 13,2: «Վերջինս ԲՀԿ-ին համամասնական ընտրակարգում զիջեց ընդամենը 27 հազար ձայնի տարբերությամբ, ինչն առնվազն նշանակում է, որ այս երկու ուժերն ընդամենը 5 տարի առաջ ունեին գրեթե նույն վարկանիշը: Ընդ որում` ՀՅԴ-ն հենված էր իր կայուն, անփոփոխ, հիմնականում գաղափարականացված էլեկտորատի վրա, մինչդեռ ԲՀԿ-ն ձեւավորվել էր դրանից ընդամենը մեկ տարի առաջ, եւ բոլորի համար պարզ էր, որ այն կոնյուկտուրային քաղաքական ուժ է եւ ձեւավորվել է հենց ընտրություններում հստակ դերակատարում ունենալու առաքելությամբ: Այն չուներ պատմություն, գաղափարական հստակ ուղղվածություն եւ ընկալվում էր որպես իշխանական պրոյեկտ:
Նախորդ ընտրություններում ԲՀԿ-ի հաջողությունը հիմնականում պայմանավորված էր ընդամենը մեկ գործոնով, ներքին ընդդիմության, այսպես կոչված, ներքին այլընտրանքի կարգավիճակն արհեստականորեն ստանձնելով: Հենց այդ գործոնի շնորհիվ էլ ԲՀԿ-ին հաջողվեց փոփոխությունների լուրջ հասարակական սպասումներ, ակնկալիքներ առաջացնել եւ խիստ ամբիցիոզ ուժի դեր ստանձնելով ընդամենը մի քանի ամսվա կյանք ունենալով հանդերձ, խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը դառնալու իրավունք վաստակել:
Բայց որքան էլ տարօրինակ էր, գրեթե 400 հազար ձայնի հավակնող կուսակցությունը հավաքեց դրա ուղիղ կեսը` այնուամենայնիվ, բացարձակ մեծամասնություն կազմելու բոլոր հնարավորությունները թողնելով Հանրապետական կուսակցությանը: Այլ կերպ ասած` ԲՀԿ-ն, խաղարկելով ներքին այլընտրանքի դերը, իրականում ապահովեց ՀՀԿ-ի հաղթանակը: Նրա քաղաքական դերակատարությունն այդ ժամանակ սահմանափակվեց միայն այդքանով` բացարձակապես անտեսելով հասարակական այն սպասելիքները, որոնց թելերին, փաստորեն, կարողացել էր նման արդյունքների հասնել:
2012-ի ընտրություններին ընդառաջ հասունանում է գրեթե նույն իրավիճակը: Հանրապետական կուսակցության հետ լուրջ դիմակայության պատրանք ստեղծելով` կուսակցությունը փորձում է վերստին մտնել հին դերի մեջ, թեեւ իրականում ներիշխանական այլընտրանքի մասին խոսք լինել չի կարող: Որքան էլ սկզբունքայնություն ցուցադրվի, փաստը մնում է փաստ, որ ԲՀԿ-ն իշխանական կոալիցիայից դուրս գալ չի ցանկանում կամ չի կարողանում (տվյալ դեպքում դրանք նույն բաներն են), շարունակում է պատասխանատվություն կրել կառավարության գործունեության համար, Սերժ Սարգսյանի հետ համաձայնության է եկել մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուների առաջադրման եւ իրար դեմ փաստացի չպայքարելու հարցում եւ, վերջապես, չի հրաժարվում 2011թ. փետրվարին ստորագրված հուշագրի` Սերժ Սարգսյանին 2013թ. նախագահական ընտրություններում պաշտպանելու պարտավորությունից: Եվ հիմա հարց է առաջանում, արդյոք այս ակնհայտ իրողություններո՞վ պետք է առաջնորդվել, թե՞ մերթընդմերթ հրապարակ նետվող` ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների մասին բամբասանքային տեղեկություններով ու անհասկանալի հայտարարություններով, որոնց քաղաքական կշիռ ունեցող կոնկրետ գործողություններ երբեք չեն հետեւել»,- գրում է «Երկիր»-ը:




























