ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի մեկնաբանել ադրբեջանցի պատգամավորների հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանն անդամակցելու է ՀԱՊԿ-ին։ Նոյեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը հայտարարել է, որ ամեն երկիր ինքն է ընտրում համագործակցության շրջանակները։
Սեյրան Օհանյանը հիշեցրել է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանն այժմ համագործակցում են ԱՊՀ շրջանակներում, սակայն նկատել է, որ էներգետիկական ոլորտի հաշվին համագործակցությունը վերջին ժամանակներս ընդլայնվել է։ Նրա խոսքով, Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու մասին կոնկրետ խոսակցություններ չեն եղել։
Հիշեցնենք, որ «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցության նախագահ Հուդրաթ Հասանգուլիեւը հայտարարել էր, որ հանուն ղարաբաղյան հարցի կարգավորման՝ Ադրբեջանը պատրաստ է անդամակցել ՀԱՊԿ-ին։




























