ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ, այսօր` մարտի 7-ին, տեղի է ունեցել Հայաստանում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի  հերթական նիստը:

ԱԱԽ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. «Մենք այսօր պետք է ամփոփենք տարվա ընթացքում մեր գերատեսչությունների կողմից կատարված աշխատանքը, ինչը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ նախագահին: 2011թ.-ի ներկայացված ուսումնասիրությունները մեզ հիմք են տալիս պնդելու, որ մենք ունենք կայունության դրսեւորում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում: Գրանցված իրավախախտումների վերլուծությունը ցույց է տալիս, որ անցած տարի գրացվել է 1525 դեպք, եւ նախորդ տարվա համեմատ աճ չի արձանագրվել, եթե առգրավվել է 128կգ թմրանյութ, ապա նախորդ տարվա հետ կապված որեւիցե բացասական դինամիկա մենք չունենք: Աճի բացակայությունն այս ոլորտում կատարվող իրավախախտումների արդեն իսկ դրական է, բայց մենք պետք է քայլեր գործադրենք, որ նրանց ծավալները հետեւողականորեն նվազեն: Ես կարծում եմ, որ միջգերատեսչական հանձնաժողովն այս ուղղությամբ ունի ասելիք եւ անելիք, եւ մենք պետք է կարողանանք ակտիվ աշխատել»,- ասել է Արթուր Բաղդասարյանը: 

Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները հանդես են եկել ՀՀ Նախագահի համապատասխան կարգադրությամբ հաստատված «2009-2012թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի»` իրենց գերատեսչության մասով իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով: Բանախոսները փաստել են, որ 2011թ. ըստ ժամանակացույցի հաջողությամբ իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները: 

Քննարկվել է Եվրամիության ֆինանսավորմամբ սոցիալ-հոգեբանական եւ խորհրդատվական աջակցություն տրամադրող վերականգնողական կենտրոնների ստեղծման ծրագիրը, որը մշակվել է մի շարք երկրների փորձի եւ օրենսդրության ուսումնասիրության արդյունքում: Կենտրոնները կնպաստեն թմրամոլության հակում ունեցող անձանց հասարակական կյանքում ինտեգրվելու, մասնագիտական վերապատրաստումներով եւ աշխատանքով ապահովելու խնդիրների լուծմանը:

Քննարկվել են նաեւ թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով Ռուսաստանի եւ Եվրամիության հատուկ կառույցներում ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների վերապատրաստմանն առնչվող հարցեր: