«Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության հասույթն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 6, իսկ ջրի վարձի հավաքագրումը` 9 միլիոն դրամով: Այս մասին, այսօր` մարտի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Հարություն Անտոնյանը, ով 100 օր առաջ է նշանակվել այդ պաշտոնում:
«Իմ պաշտոնավարման 100 օրերի ընթացքում «Լոռի ջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության սպասարկման տարածքում դրական միտում է նկատվում»,-ասաց նա, հավելելով, որ ջրամատակարարման կորուստները կրճատվել են 8.3 տոկոսով:
Ըստ Անտոնյանի, մեծ ծավալի աշխատանքներ են տարվել նաեւ վերահսկողության ոլորտում. «Շուրջ 400 շենք ենք հայտնաբերել, կազմվել է 228 ակտ` ավելի քան 3 միլիոն 230 հազար դրամի չափով, որոնք երկրորդ գիծ են օգտագործել առանց ջրաչափի»,-ասաց նա, հավելելով, որ վերահսկողական ծառայությունն սկսել է ակտիվ միջոցառումներ իրականացնել ապօրինի ջրօգտագործողներին ի հայտ բերելու ուղղությամբ:
Հարություն Անտոնյանի ներկայացմամբ, այս ընթացքում բաժանորդների թիվն ավելացել է 300-ով: Օրինական դաշտ են բերվել Սանկտ-Պետերբուրգ տնակային ավանի ավելի քան 180 տնակների բնակիչներ, ովքեր տարիներ շարունակ օգտվել են ջրից, սակայն չեն վճարել դրա դիմաց: Պաշտոնավարման 100 օրերի ընթացքում դատարան են հանձնվել ջրօգտագործման խախտման տույժերի եւ բաժանորդների պարտքերի գանձման վերաբերյալ 74 գործեր` 2 միլիոն 750 հազար 382 դրամի չափով:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական Հարություն Անտոնյանը Երեւանի Արաբկիր վարչական շրջանի թաղապետ Հրայր Անտոնյանի եղբայրն է եւ այս պաշտոնում աշխատում է 2011թ-ի նոյեմբերի 22-ից:




























