Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր ցավակցություններն է հղել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին՝ Թեհրան-Երեւան չվերթի ինքնաթիռի կործանման կապակցությամբ: «Bakililar.az» կայքը մեջբերում է Ալիեւի խոսքերը. «Խորապես ընկճված եմ Ձեր մեծաթիվ համերկրացիների մահվան լուրից: Կիսում եմ Ձեր վիշտը ողբերգության կապակցությամբ, հայտնում իմ ցավակցությունները Ձեզ, զոհվածների ընտանիքներին եւ մտերիմներին, Իրանի ողջ ժողովրդին»: Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ները չեն նշում՝ արդյո՞ք ցավակցել է Ալիեւը Սերժ Սարգսյանին, թե՞ ոչ, թեեւ հանուն արդարության պետք է նշել, որ ադրբեջանական առաջնորդները երբեք աչքի չեն ընկել օրհասական պահերին հայերին կարեկցելու ընդունակությամբ:
Հիշեցնենք, որ երեկ, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ըստ նախնական տվյալների, ուղեւորների թվում եղել են 37 հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:



























