Մարզահամերգային համալիրում, այսօր` մարտի 10-ին, քիչ առաջ մեկնարկած ՀՀԿ 13-րդ համագումարում գրանցվել է 1801 մարդ:

Մարզահամերգային համալիր ժամանած ՀՀ նախագահ եւ ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանին ուղեկցում էին ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, մի շարք նախարարներ եւ այլք: Լրագրողներին թույլ չեն տվել մտնել դահլիճ: Նրանք ՀՀԿ համագումարի աշխատանքին կհետեւեն 3 մեծ էկրաններից:

ՀՀԿ համագումարի բացմանը հայրապետական մաղթանք հղեց Արարատյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը:

Համագումարը Սերժ Սարգսյանի առաջարկությամբ ընտրեց հաշվիչ հանձնաժողով եւ քարտուղարություն:

ՀՀԿ համագումարը բանաձեւ կընդունի:Լրագրողներին բաժանվել է համագումարի բանաձեւի նախագիծը, որում, մասնավորապես, նշվում է. «Այս տարիների ընթացքում ՀՀԿ գործունեության գերագույն արժեքը եղել է Հայաստանը: Թեեւ արտաքին մարտահրավերներին եւ ներքին բարդություններին` հետեւողական ու դժվար աշխատանքի արդյունքում հաջողվել է պահպանել պետության կայունությունը մի քանի ճգնաժամերի պայմաններում, բացել քաղաքական համակարգ` մերժելով եսակենտրոն առաջնորդների ու փողի մենաշնորհը»:

Ըստ կանոնակարգի` ՀՀԿ-ն ընտրելու է  կուսակցության նախագահ, վերստուգիչ հանձնաժողով, փոփոխություններ կկատարի կուսակցության խորհրդում եւ գործադիր մարմնում:

Հիշեցնենք, որ նախորդ՝ 12-րդ համագումարը տեղի է ունեցել 2009թ. նոյեմբերի 28-ին: