Հանրապետական լինելը պատասխանատվություն է, պատիվ  ու հպարտություն. ՀՀԿ-ն դեռ շատ անելիքներ ունի, նաեւ այն, որը չհասցրեցին անել Աշոտ Նավասարդյանը, Վազգեն Սարգսյանն ու Անդրանիկ Մարգարյանը: Այս մասին այսօր ՀՀԿ 13-րդ համագումարում իր ելույթի ժամանակ նշեց Հայաստանի նախագահ, ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք, որը տեր է մեզնից յուրաքանչյուրի իրավունքների իրականացմանը եւ բոլորիս ազգային իղձերը կյանքի կոչելուն:

«ՀՀԿ համագումարը վաղուց արդեն դարձել է մեր երկրի կարեւորագույն հասարակական-քաղաքական իրադարձություններից մեկը` ներկայանալով որպես մեր կայացող պետականության եւ ամրացող նոր ավանդույթների յուրօրինակ մարմնացում եւ դա օրինաչափ է»,- նշեց Սերժ Սարգսյանն ու շարունակեց. «Հանրապետական կուսակցությունը երկրի իշխող քաղաքական ուժն է անկախ Հայաստանի գոյության գերակշիռ հատվածում եւ իր գործընկերների հետ կարողացել է միշտ դեպի առաջ պահել երկրի ընթացքը` անկախ բոլոր ներքին ու արտաքին ցնցումներից, անկախ առաջընթացի ուղին փակող խութերից կամ կործանարար հոսանքներից: Շատ բան է փոխվել այս ընթացքում. նախագահներ են փոխվել, հասարակական-տնտեսական ողջ միջավայրն է փոխվել, արտաքին ու ներքին մարտահրավերներն են փոխվել, խնդիրներն ու դերակատարներն են փոխվել: Իսկ Հանրապետականը շարունակում է իր լուռ, առանց շեփորահարումների դերակատարությունը` հեռու պահելով մեր ընթացքը դեպի անդունդ տանող ճանապարհներից եւ մոմե թեւերով արեւին հասնելու գայթակղություններից:

Հանրապետականն ամենուր է` հանրային կյանքի բոլոր ոլորտներում եւ երկրի բոլոր անկյուններում: Ու որպես այդպիսին նա իր սեփական կշռով է ունակ կասեցնելու բոլոր վտանգավոր ճոճքերը, հարթելու տատանումները եւ իր կշռի շնորհիվ էլ կայուն արագություն ու խոչընդոտների հաղթահարում ապահովելու երկրի ընթացքի համար: Այս տարիներին կուտակած հսկայական փորձով ու մշտապես ավելացող նոր ավյունով Հանրապետականը ներկան ու ապագան կապող ամուր օղակ է եւ պատրաստ է կանգնել անհանդուրժողականության կամ պառակտվածության, լճացման կամ թեթեւամտության, օտար թշնամու կամ ներքին հուսալքության դեմ:

ՀՀ նախագահի ներկայացմամբ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ժողովրդի դատին է ներկայանալու որպես անհատ համախոհների թիմ, որը նպատակադրվել է շահել ժողովրդի վստահության քվեն եւ ձեւավորել կառավարություն:

«Միգուցե սա դուր չի գալիս ոմանց, ովքեր չեն կարողանում համակերպվել մեր ժողովրդի քվեով մեր երկրում գերիշխող ազգային գաղափարախոսության հետ: Բայց սա իրողություն է, որը միայն օգուտ կարող է բերել Հայաստանին»,- ընդգծեց նա: