Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Մեննո Անելին, ով համակարգում է Հայաստանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Իսրայելի, Վրաստանի, Մակեդոնիայի, Մոլդովայի, Մոնտենեգրոյի, Նիդերլանդների, Ռումինիայի եւ Ուկրաինայի հետ աշխատանքները: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կառավարությունից: Ողջունելով հյուրին` Տիգրան Սարգսյանը նշել է. «Շնորհավորում եմ Ձեզ ԱՄՀ գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Հույս ունենք, որ մեր միջեւ այսուհետ եւս կծավալվի սերտ համագործակցություն»:

Մեննո Անելին, եւս կարեւորելով Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, նշել է, որ այն օգտակար է երկուստեք: Այնուհետեւ, զրուցակիցները քննարկել են մեր երկրում գործարար միջավայրի բարելավմանը, հարկային, մաքսային եւ կենսաթոշակային բնագավառներում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ ԱՄՀ հետագա քաղաքականության շուրջ, որն ուղղված է լինելու գործընկեր երկրներում տնտեսական տարբեր զարգացումներին արագ արձագանքմանը: