Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն, այսօր` մարտի 12-ին, ընդունել է Ավստրիայի Զարգացման Գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանային պատասխանատու Ալեքսանդր Բոհրին եւ քննարկել համագործակցության հեռանկարների հետ կապված խնդիրներ:
Գյուղնախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրի խնդրանքով նախարարը նախ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին արձանագրված ցուցանիշները` ընդգծելով աճի առկա միտումները, այնուհետեւ այն առաջնահերթությունները, ուր առաջիկայում ցանկալի կլիներ համագործակցել Ավստրիայի Զարգացման Գործակալության հետ:
«Անչափ կարեւորում ենք անասնապահության ոլորտի բարեփոխումները եւ այն ծրագրերը, որ այսօր նախապատրաստվում են կառավարության քննարկմանը ներկայացնելու համար։ Խոսքը տավարաբուծության, ոչխարաբուծության եւ թռչնաբուծության զարգացման հայեցակարգերի մասին է։ Եվ երկրորդը՝ նախորդ տարի լավ քննություն բռնած գյուղատնտեսական մթերքի շուկայի վերագործարկումն է մայրաքաղաքում։ Այս տարի մեկի փոխարեն գործելու են երեք շուկաներ, եւ այստեղ որոշակի ֆինանսական ծախսեր են պահանջվում»,- ասաց նախարարը` համագործակցության առաջիկա քայլերի մեջ առանձնացնելով նշված երկու առաջնահերթությունները։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալեքսանդր Բոհրը խոստացել է, ըստ ամենայնի, օժանդակել Հայաստանի գյուղատնտեսությանը Եվրոպական համագործակցությանն անդամակցելու ծրագրերի իրականացման գործում։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կողմից համագործակցությունը համակարգող պատասխանատուների նշանակման վերաբերյալ:




























