«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն, անշուշտ, տեղյակ է Ղրիմի Սուրբ Խաչ եկեղեցին թանգարանի վերածելու որոշմանը, բայց կանի ամեն ինչ, որպեսզի նման բան թույլ չտա, եւ սրբավայրը պահպանի իր նախկին կարգավիճակը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամը։
Հիշեցնելով, որ Ղրիմի Սուրբ Խաչ եկեղեցում մինչ օրս արարողություններ են իրականացվում, եւ այն ծառայում է հայ համայնքի կարիքներին, Տեր Վահրամը նկատեց, որ Մայր Աթոռի համար ընդունելի չէ, որպեսզի սրբավայրն այսուհետ գտնվի մշակույթի նախարարության հովանու ներքո։ «Մենք, իհարկե, դեմ չենք, որպեսզի եկեղեցու տարածքում թանգարան գործի, սակայն միեւնույն ժամանակ այն պետք է շարունակի գործել որպես սրբավայր»,- հստակեցրեց Տեր Վահրամը։ Նրա խոսքով, հարցի շուտափույթ կարգավորման համար Մայր Աթոռը կապ է պաշտպանում համապատասխան մարմինների, այդ թվում անձամբ Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն ռադայի խոսնակ Անատոլի Գրիցենկոյի հետ՝ լիահույս լինելով, որ հարցն անպայման կլուծվի։
Հարցին, թե այդ խնդրի առնչությամբ ուկրաինական կողմից Էջմիածնում ե՞րբ են կոկրետ պատասխանի սպասում, Տեր Վահրամը նշեց, որ դեռեւս, ոչինչ հայտնի չէ, սակայն «առաջիկայում մենք վստահաբար պատասխան կունենանք եւ հարցն, ամենայն հավանականությամբ, կկարգավորվի»:
Նա նաեւ նշեց, որ նման զարգացումներին իր գործունեությամբ, որոշ չափով, նպաստել է նաեւ հայ համայնքը։




























