Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի եւ Լոռիի մարզպետարանի միջեւ մարտի 14-ին համագործակցության համաձայնագիր կստորագրվի:

Կարեւորելով տարածքային կառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման եւ կառավարման արդյունավետության բարձրացման մեթոդական ու մեթոդաբանական օժանդակության  հրատապությունը, անհրաժեշտ համարելով պետական կառավարման (այդ թվում՝ տարածքային կառավարման) մարմինների կողմից պետության անունից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավումը, ձգտելով հնարավորին չափ նպաստել քաղաքացիների շահերի եւ իրավունքների ոտնահարման կանխարգելմանն ու որոշումների կայացմանը նրանց անմիջական մասնակցության ապահովմանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի եւ ՀՀ Լոռիի մարզպետարանի միջեւ տեղի է ունենալու Համագործակցության Համաձայնագրի կնքման պաշտոնական արարողություն:

Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարության եւ կառավարման բաժնի տնօրեն Սթիվեն Բրագերը:

Միջոցառումը տեղի է ունենալու ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ՇՊԱԿ-ների ազգային ցանցի զարգացում» ծրագրի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ՀԵԻԱ-ն համանման համագործակցության համաձայնագրեր է կնքել նաեւ Տավուշի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի մարզպետարանների հետ: