Միացյալ Նահանգներն իրենց ցավակցությունն են հայտնում Թեհրան-Երեւան չվերթի ՏՈՒ-154 ինքնաթիռի զոհերի ընտանիքներին: «ԱՄՆ-ը ցավակցում է ընտանիքներին այն աձանց, ում կյանքի թելը կտրվեց Caspian Airlines ընկերության՝ Թեհրանից Երեւան ուղեւորվող ինքնաթիռի վթարի հետեւանքով: Մենք աշխատում ենք Երեւանում ամերիկյան դեսպանատան հետ եւ Իրանում ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանատան հետ՝ ճշտելու եղել են արդյո՞ք ինքնաթիռում ամերիկյան քաղաքացիներ»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Յան Քելլիի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Նրանք բոլորը զոհվել են: Ըստ նախնական տվյալների, ուղեւորների թվում եղել են 37 հայեր, որոնցից 5-ը ՀՀ քաղաքացիներ, այդ թվում՝ ինքնաթիռի 2 ավիատեխնիկները:




























