Ազգային ժողովի ընտրություններին մեծամասնական ընտրակարգով մասնակցելու համար այսօր` մարտի 14-ին, Երեւանի Նոր Նորքի վարչական շրջանն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է Հայաստանի հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվականի» ղեկավար Սամվել Ֆարմանյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Նա առայժմ ունի մեկ մրցակից, անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սարգսյանը, ով երեկ է առաջադրվել:
Բացի այդ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքից այսօր առաջադրվել են նաեւ գործող պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, գործարար Աշոտ Տոնոյանը եւ ՀՀԿ անդամ Արթուր Ստեփանյանը:
Հիշեցնենք որ երեկ թիվ 35 եւ 10 ընտրատարածքներում առաջադրվել էին ԲՀԿ անդամ, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը եւ Հայ ազգային կոնգրեսի անդամ Խաչատուր Սուքիասյանը, թիվ 2-ում անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սարգսյանը (Երրորդմասիվցի Աբուլիկը) եւ թիվ 19 ընտրատարածքից (Արմավիր)` անկուսակցական Սեդրակ Սարոյանը (գեներալ Սեյրան):
Այսօրվա դրությամբ, որեւէ կուսակցություն համամասնական ցուցակ չի ներկայացրել ԿԸՀ:
Նշենք, որ մարտի 12-ին մեկնարկել է առաջադրվելու փուլը, իսկ համամասնական ցուցակները ներկայացնելու վերջնաժամկետը մարտի 22-ն է:




























