Հայաստանի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածե Մաշտոցի պուրակում բնապահպանների ձեռքից վրանը խլելու վերաբերյալ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Սույն թվականի մարտի 13-ին Մաշտոցի պողոտային հարող պուրակում տեղադրվել է վրան: 

Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ վրանների կամ այլ նմանատիպ առարկաների տեղադրումը հասարակական վայրերում արգելված է, եւ ոստիկանության կողմից հանդուրժվել է սոսկ իրավիճակի անհարկի սրումը կանխելու նկատառումներով: 

Վրանի տեղադրման ժամանակ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները վրանը տեղադրած քաղաքացիներին զգուշացրել են, որ վրանի տեղադրումը հանգեցնում է հասարակական կարգի խախտման: ՀՀ ոստիկանության պարտականությունն է հասարակական կարգի ոչ տեւական առանձին խախտումների դեպքում որոշակի հանդուրժողականություն ցուցաբերել եւ խախտումը վերացնելու համար ողջամիտ հնարավորություն տրամադրելուց հետո վերացնել այդ խախտումները:

Այսօր, մարտի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը վրանում գտնվող քաղաքացիներին պահանջ է ներկայացրել ապամոնտաժել վրանը: Պահանջը չի կատարվել, որից հետո ՀՀ ոստիկանությունն իր ուժերով ապամոտաժել է այն: 

Քաղաքացիները հրաժարվել են վրանը հետ վերցնել: Հարկ ենք համարում նրանց վերստին տեղեկացնել, որ վրանը գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում եւ ցանկացած ժամանակ կարող են այն հետ ստանալ:

ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում կրկին հիշեցնել, որ քաղաքացիական ակցիաները չեն կարող զուգորդվել հասարական վայրերից օգտվելու կանոնների խախտումներով, ուստի դրանք կանխելուն ուղղված օրենքով վերապահված լիազորությունները գործադրվելու են ամբողջ ծավալով»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Մաշտոցի այգում շուրջօրյա նստացույց իրականացնող բնապահպան ակտիվիստների վրանը ոստիկանները հավաքել, տարել են: Բնապահպանների վկայությամբ, ոստիկանները եկել, շատ կոպիտ ձեւով վրանը քաշել եւ տարել են: Բնապահպանները ամոթանք են տվել ոստիկաններին: Այգում լարված մթնոլորտը շարունակվում է: