Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման ռուս-ամերիկյան նոր պայմանագիրը հնարավոր է, որ չստորագրվի դեկտեմբերի 5-ին, երբ ավարտվում է գործող պայմանագրի ժամկետը: Այդ մասին դեկտեմբերի 1-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչ Իեն Քելլին:

Քելլիի խոսքերով, բանակցողների գլխավոր խնդիրն այս պահին «համաձայնության լավ նախագիծ» մշակելն է: Խոսելով պայմանագրի ստորագրման ժամկետների մասին՝ Օբամայի ներկայացուցիչը նշել է, թե ամերիկյան կողմը հույս ունի նախագիծը ստանալ դեկտեմբերի վերջին:

«Չեմ ցանկանում ստել եւ հայտարարել, թե մինչեւ շաբաթ մենք ամեն ինչ կանենք»,- նկատել է Քելլին եւ հավելել, թե նոր պայմանագրի գերակայություններից է ատոմային զինանոցի կրճատումն ու մոնիտորինգի մեխանիզմների պահպանումը. ""Ժամկետները, անխոս, կարեւոր են, բայց ամենագլխավորը լավ պայմանագիր մշակելն է":

Նշենք, որ նոր պայմանագրի նախապատարստման ընթացքը քննարկվել նախօրեին՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ նրա ամերիկացի գործընկերոջ՝ Բարաք Օբամայի հեռախոսազրույցի ընթացքում:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ՌՀՍ համաձայնագրի ստորագրման նախապատրաստումն ընթանում է նախագահների նախանշած ժամկետներում: Իսկ պնդումները, թե պայմանագրի ստորագրումը ժամկետների մեջ չի լինելու, Լավրովը որակել էր որպես իրականությանը չհամապատասխանող: