Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը եւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանն այսօր` մարտի 15-ին, այցելել են Երեւանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 ավագ դպրոց, որտեղ հիմնադրամի աջակցությամբ ընթանում են վերանորոգման աշխատանքներ: Վերանորոգվել են դպրոցի սանհանգույցները, դահլիճը, մուտքի դռները, ջրահեռացման խողովակները, բուֆետը, խոհանոցը, բուժկետը եւ պահակակետը, իսկ առաջիկայում սպասվում է նոր պատուհանների տեղադրում եւ դասասենյակների վերանորոգում:
Նախարար Արմեն Աշոտյանը շրջել է դպրոցում, ծանոթացել կատարված աշխատանքներին, այնուհետեւ վերանորոգված դահլիճում հանդիպում ունեցել ուսուցիչների եւ աշակերտների հետ: Անդրադառնալով հանրակրթաույան ոլորտի բարեփոխումներին՝ նա նշել է, որ ավագ դպրոցների կայացումը կրթական համակարգի գերակա խնդիրներից է. «12-ամյա կրթության բարեփոխումը սկզբնական շրջանում դժվարություններով էր ընթանում, բայց այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ այդ բարեփոխման մի քանի կարեւոր փուլերը մենք արդեն անցել ենք` ունենք ձեւավորված 12-ամյա կրթության համակարգ, ունենք ավագ դասարանների դասագրքեր եւ ծրագրեր: Միաժամանակ շարունակվում են ուսուցիչների վերապատրաստումները: Մեր նպատակն է՝ պահպանել ազգային դպրոցի ավանդույթները՝ համադրելով դրանք համաշխարհային կրթական մակարդակի հետ»,-նշել է նախարարը: Ընդգծելով, որ ավագ դպրոց դառնալուց հետո, այստեղ աշակերտների թիվը եռապատկվել է, նախարարը շնորհակալություն է հայտնել «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամին` դպրոցին աջակցելու համար:
ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Մ. Մկրտչյանը նշել է, որ դպրոցական տարիներին ձեռք բերված գիտելիքներն են լավ ապագայի հիմք ստեղծում. «Ձեզանից յուրաքանչյուրն ընդունակ է հետագայում սովորել բուհերում եւ որոշակի խնդիրներ լուծել: Համարձակ եղեք եւ կհասնեք դրան,»,- նշել է նա:
ՀՀ ԿԳ նախարարը պատասխանել է նաեւ աշակերտների եւ մանկավարժների հարցերին, որոնք վերաբերել են հիմնականում կրթության արժեւորմանը, ավագ դպրոցների հասարակական գնահատականին եւ աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:




























