Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՄԱԿ-ի մշտական հանձնաժողովի համակարգող, զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւայի եւ «Գեղեցիկ Երեւան» մրցույթի հաղթողների հետ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին` քաղաքապետն ընդգծել է տարբեր ոլորտներում Երեւանի քաղաքապետարանի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակի միջեւ լայնածավալ եւ արդյունավետ համագործակցությունն ու կարեւորել ներկայում իրականացվող ծրագրերի շարունակականությունը:
«Համոզված եմ, որ մենք կշարունակենք համագործակցությունը «Գեղեցիկ Երեւան» ծրագրի շրջանակում եւ արդյունքներն ավելի տեսանելի կլինեն։ Երեւանի քաղաքապետարանը պատրաստ է համագործակցել ՄԱԿ–ի հետ տարբեր նախաձեռնությունների եւ ծրագրերի շուրջ»,-նշել է քաղաքապետն ու ընդգծել, որ տարվող աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով քաղաքապետարանը մտադիր է այդ ծրագերում ներգրավել նաեւ երեւանցիներին:
ՄԱԿ-ի անունից շնորհավորելով Տարոն Մարգարյանին քաղաքապետի պաշտոնում ընտրվելու, ինչպես նաեւ ջերմ ընդունելության համար՝ Դաֆինա Գերչեւան իր հերթին հավաստիացրել է, որ հետաքրքրված է համագործակցության հետագա զարգացմամբ եւ ծրագրերի հաջող իրականացման համար կարեւորել է տեղական ինքնակառավարման մարմինների հանձնառությունը, բնակչության իրազեկվածությունն ու համագործակցությունը:
«Այս ընդգրկուն ծրագրի միջոցով մենք հույս ունենք բարձրացնել Երեւանի բնակչության բարեկեցությունը, քաղաքը դարձնել ավելի հարմարավետ եւ հաճելի`խթանելով նաեւ զբոսաշրջության զարգացմանը: Նաեւ մայրաքաղաքի բնակչության համար ստեղծել նոր աշխատատեղեր, որը եւս պակաս կարեւոր չէ»,-նշել է Դաֆինա Գերչեւան:
«Գեղեցիկ Երեւան» ծրագրի շրջանակում համատեղ ֆինանսավորմամբ նորոգվել են մայրաքաղաքի բարեկարգման կարիք ունեցող որոշ հուշարձաններն ու մի շարք շենքերի ճակատային հատվածները, բարեկարգվել են հարակից տարածքները, ինչպես նաեւ ապահովվել են արտաքին լուսավորությամբ եւ գեղարվեստական ձեւավորմամբ:
Շնորհակալություն հայտնելով «Գեղեցիկ Երեւան» ծրագրի շրջանակում կազմակերպված մրցույթի բոլոր մասնակիցներին գեղարվեստական ձեւավորման հետաքրքիր առաջարկների ներկայացման համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մրցույթի հաղթողներին հանձնել է հավաստագրեր ու պարգեւավճարներ` մաղթելով նոր ու հետաքրքիր գաղափարներ:




























