Ազգային ժողովում, այսօր` մարտի 15-ին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի ներկայացմամբ` օրինագծի նպատակն է կանոնակարգել Երեւան քաղաքում գովազդային օրենսդրության նկատմամբ վերահսկողությունը եւ պատասխանատվության ենթարկել օրինախախտներին: Սահմանվում է, որ Երեւանի քաղաքապետն իրավասու է տուգանք կիրառել համապատասխան համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության պայմանների խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու, ինչպես նաեւ համայնքում առանց թույլտվության արտաքին գովազդ տեղադրելու համար: Սահմանվում է, որ գովազդատուները, գովազդ արտադրողները, գովազդակիրները սահմանված խախտումների համար կենթարկվեն վարչական պատասխանատվության: Երեւանի քաղաքապետն իրավունք կունենա կիրառելու տուգանք` նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով:

Օրինագծի առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկումները նախատեսվում է իրականացնել 24-ժամյա ընթացակարգով:

Նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը` ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ կառավարության եւ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Բախշյանի, Լիլիթ Գալստյանի հեղինակած «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրինագիծը: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը տեղեկացրել է, որ այն շուրջ 60 առաջարկների հաշվառումով լրամշակվել է:

Նախագիծը ստացավ դրական եզրակացություն: