Հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը իրեն հրաշալի է զգում եւ շարունակում է պատրաստվել ամերիկացի բռնցքամարտիկ Անդրե Դիրրելի հետ մենամարտին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց հայ բռնցքամարտիկի մտերիմ ընկերը՝ Ռաֆայել Հայրապետյանը: Նրա խոսքով, Արթուր Աբրահամի հիվանդության մասին լուրերը «չարակամների ապատեղեկատվությունն են»:

Նշենք, որ որոշ մարզական կայքեր այսօր հայտարարել էին, թե Դիրրելի հետ մենամարտը, որ նախատեսված է հունվարի 23-ին, տեղափոխվել է մարտի 7-ին՝ Աբրահամի հիվանդության պատճառով: Հաղորդվում էր նաեւ, որ Արթուրը «հիվանդ է գրիպի ծանր տեսակով», եւ հավանաբար չի հասցնի պատրաստվել մարտին, որ կայանալու է Super Six World Boxing Classic գերմրցաշարի երկրորդ տուրի շրջանակներում:

Ի դեպ, Արթուր Աբրահամն առաջին տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը, եւ նրա թիմի ներկայացուցիչների խոսքով, մտադիր է իր հաջողությունը հասցնել տրամաբանական ավարտին եւ հաղթել մրցաշարում: