Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ով 10-րդ ընտրատարածքում գրանցվել է որպես պատգամավորության թեկնածու, այսօր հայտարարել է, թե ինքը մինչեւ դեկտեմբերի 31-ը հանելու է իր թեկնածությունը հօգուտ Նիկոլ Փաշինյանի: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում այս պահին գրանցված են 4 թեկնածուներ. Նիկոլ Փաշինյան, Հմայակ Հովհաննիսյան, Դավիթ Հակոբյանը եւ Արա Սիմոնյան՝ «Ազգային միաբանությունից»: Ընտրությունները տեղի են ունենալու հունվարի 10-ին:
Հ. Հովհաննիսյանը նշել է, որ ինքը շարունակում է մինչեւ դեկտեմբերի 31-ը մնալ թեկնածու՝ այն պատճառով, որպեսզի գաղափարական ու ծրագրային բանավեճ առաջացնի: Նա ընդգծել է, որ պատրաստ է բանավիճել գլխավոր մարքսիստի հետ, որպեսզի պարզի, թե որքանով է վերջինս տիրապետում մարքսիզմի գաղափարախոսությանը: Քաղաքագետների միության ղեկավարը զարմանք է հայտնել, որ Կոնգրեսը հանդուրժում է, որ Նիկոլ Փաշինյանի գրանցման պարագայում ընտրություններին մասնակցի նաեւ ՀԱԿ-ի անդամ Դավիթ Հակոբյանը: Նա նաեւ հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանի օգտին իր թեկնածությունը հանելու որոշումն անձնական որոշում է, եւ որեւէ մեկը չի կարող իրեն ուղղորդել:




























