«Արմավիա» ընկերության եւ «Զվարթնոց» օդանավակայանի միջեւ վեճը չի ավարտվում. «Արմավիան» կրկին հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ «Զվարթնոցը» չի կատարում իր պարտավորությունները եւ չի իջեցրել մատուցած ծառայությունների սակագները, թեեւ «Արմավիան» արդեն վճարել է պայմանավորված մեկ ամսվա գումարի 50 տոկոսը:

Այս առնչությամբ, NEWS.am-ը պարզաբանում խնդրեց «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի պատասխանատու Գեւորգ Աբրահամյանից, ով նշեց. «Արմավիայի» հետ ձեռք բերված պայմանավորվածությունների որեւէ կետ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության կողմից չի խախտվել: Կա պայմանագիր, կա ստեղծված հանձնաժողով, եւ եթե կարծում են, որ «Արմենիա» միջազգային օդանավակայանները» որեւէ կետ խախտել են, կարող են դիմել եւ հանձնաժողովին եւ, ի վերջո, կարող են դիմել դատարան»:

Հիշեցնենք, որ օրերս «Արմավիանյի» եւ «Զվարթնոցի» միջեւ ընթացող բանակցությունների արդյունքում նրանք ընդհանուր հայտարարի էին եկել, ըստ որի, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որով կազմվելու է օդանավակայանի առջեւ «Արմավիա» ընկերության պարտավորությունները մարելու ժամանակացույցը: Ըստ այդմ, ավիաընկերությունը պարտավորվել էր 6 ամսվա ընթացքում մարել օդանավակայանին ունեցած 5,3 միլիոն դրամի պարտքը: Պարտքի մարման ժամանակացույցը պետք է սկսվեր մարտի 31-ից:

Նշենք, որ «Արմավիա» ընկերության եւ «Զվարթնոց» օդանավակայանի հարաբերությունները սրվել էին ընթացիկ ամսվա սկզբին: Մարտի 6-ին «Արմավիան» անժամկետ գործադուլ էր հայտարարել` դա պատճառաբանելով օդանավակայանի գնային քաղաքականությամբ: