Այսօր` մարտի 16-ին տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 19-ից մարտի 22-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 6 հարց եւ 4 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 111 հարց, այդ թվում` 17 միջազգային պայմանագիր:
ԱԺ չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ մարտի 19-ից մարտի 22-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ մարտի 19-ի նիստում:




























