Լոռիի մարզի Դարպաս գյուղի միջով անցնող Փամբակ գետի գետաբերանին հատվել են մոտ 300 ուռենիներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, մոտ երկու շաբաթ է, ինչ գյուղի վարչական տարածքում անհայտ մարդկանց կողմից անխնա հատվում են տասնյակ տարիներ առաջ տնկված ծառերը, որոնք այսօր ունեն ափապաշտպան նշանակություն: (Ֆոտոռեպորտաժ)
Հատված ծառերի ճյուղերը թափվել են գետի մեջ, ստեղծելով գետի հունի խցանման վտանգ:
Գյուղացիները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ հատողները դժվար թե գյուղից լինեն, քանի որ հատված ծառերը ունեն ափապաշտպան նշանակություն, ու իրենք չէին անի մի բան, որը կվնասեր իրենց: «Հողերը սկսել են սահել, շուտով գարնանային հեղեղումները կսկսվեն, գետը կգա կլցվի արոտավայրերը, ու այդ ժամանակ վիճակը պարզապես անվերահսկելի կդառնա»,-ասացին գյուղացիները: Ի դեպ, ծառեր հատվել են գետի երկու կողմերում էլ:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Դարպաս համայնքի ղեկավար Սամվել Ավետյանն ասաց, որ կատարվածի մասին տեղյակ է պահվել Լոռիի մարզային փրկարարական վարչությանը, ինչպես նաեւ ոստիկանությանը, սակայն դեռեւս ծառերը հատողները չեն հայտնաբերվել: Գյուղապետը եւս համակարծիք է բնակիչների հետ, որ կատարվածի հեղինակը գյուղաբնակները չեն:
«Երկար տարիներ առաջ գետաբերանին տնկել են ծառեր, հետո ափապաշտպան ցանցեր կառուցել, ցանցերը հիմա չկան, ծառերն են մնացել, դա էլ տարան, ժամանակին այդտեղ ուռենիների անտառ կար, գործարանները որ սկսեցին կառուցել, բոլորը հատվեց, հիմա էլ գետաբերանի ծառերն են կտրում, դա էլ քիչ է, էդ մնացորդները գետն են լցնում, ինչն էլ փակում է գետի հունը»,-ասաց գյուղապետը: Սամվել Ավետյանը մտավախություն ունի, որ գարնանային հեղեղումները իրենց հետքը կթողնեն գյուղի վրա:
Հավելենք, որ Դարպաս գյուղում կան վթարային 4 կամուրջներ, ու եթե սրան էլ գումարենք ափապաշտպան ծառերի հատումը, ապա վստահաբար կարելի է ասել, որ գյուղն այս տարի հեղեղումների պակաս հաստատ չի ունենա:
Էդվարդ Արզումանյան
Լուսանկարները` հեղինակի




























