Քիչ առաջ Հայաստանի հանրապետական կուսակցության գրասենյակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցական տոմսեր եւ ՀՀԿ կրծքանշաններ է բաժանել արվեստի եւ քաղաքական մի շարք գործիչների:
Մասնավորապես, հանրապետական են դարձել երգչուհի Շուշան Պետրոսյանը, «Շարմ» հոլդինգի նախագահ Կարեն Ղազարյանը, «Առավոտ» օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանը, Հայաստանի հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվականի» ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, նախարարներ Վաչե Գաբրիելյանն ու Հրայր Թովմասյանը, նաեւ մի շարք պատգամավորներ, ովքեն նախկինում անկուսակցական էին, բայց ՀՀԿ խմբակցության անդամներ էին, այդ թվում Գագիկ Աբրահամյանը (Արա Աբրահամյանի եղբայրը), Արա Բաբլոյանը: Բոլոր նրանք, ինչպես նաեւ շատ այլ մարդիկ հանդիսավոր պայմաններում ստացան ՀՀԿ վկայականները:
Հանդիպման մասնակիցներին ուղղված իր խոսքում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ցանկացած կուսակցություն, որքան էլ հզոր եւ բազմամարդ լինի՝ իր նոր անդամներով դառնում է ավելի ուժեղ: Նույնքան ուժեղ են դառնում իրենք՝ անհատ կուսակցականները: Նախագահի խոսքով, որպես մասնագետներ եւ պետության քաղաքացիներ նրանք հնարավորություն են ստանում ավելի արդյունավետ օգտագործել իրենց ներուժն ու կարողությունները եւ գաղափարակից ընկերների հետ միասին այդ ամենը ծառայեցնել ի շահ պետության ու հասարակության:
«Ինձ համար թանկ է ձեր որոշումը, հատկապես, որ այն կայացրել եք հիմա՝ այս կարեւորագույն պահին, երբ մենք գնում ենք լրջագույն բարեփոխումների: Այսպիսի պահին պատասխանատվությունից չխուսափելն արդեն որակական մեծ հատկանիշ է, եւ այդ որակը մենք մշտապես պետք է գնահատենք ցանկացած մարդու, ցանկացած կուսակցականի մեջ»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նորելուկ հանրապետականների շարքում են նաեւ.
Հրայր Զորյանը - ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար
Գագիկ Մկրտչյան - «Արմենիա» հեռուստաընկերության խմբագիր
Հակոբ Հակոբյան -ԱԺ պատգամավոր
Մխիթար Վարագյան- ԱԺ պատգամավոր
Անդրանիկ Անդրեասյանը - Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Ռուբեն Հովսեփյան - Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար (գլխավոր դատախազի եղբայյրը)
Վրեժ Մարկոսյան - «Տիգրան Մեծ» հրատարակչության գլխավոր տնօրեն
Արփինե Հովհաննիսյան - ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս
Արման Սահակյան - «Սովրանո» ՍՊԸ նախագահ
Վահե Ղազարյան - «Արմենիա» հեռուստաընկերության պրոդյուսեր
Գրիգոր Մինասյան - ՀՀ արդարադատության նախարարություն «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական
Վահրամ Մկրտչյան-«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն, Հայաստանի ժողովրդավարական-ազատական միության վարչության նախագահ, 2009-2012թթ.
Սամվել Մուրադյան- «Ավիաինֆոտել» ՓԲԸ գլխավոր ճարտարապետ
Սարգիս Թումանյան –«ՍՏԲ» ՍՊԸ եւ «ՍՊԱՌ» հիմնադիր
Գագիկ Սարուխանյան- գործարար, հայ-իտալական «Գլորիա-Սարտիս» համատեղ ձեռնարկություն
Արմեն Տանանյան- «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն
Վարդան Մակարյան - ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:


































