Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հավատում է եկող տարի Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ակտիվացման հնարավորությանը: Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները գիտակցում են նման անհրաժեշտությունը: «Ես հավատում եմ, որ հնարավորություններ կան»,- ըստ «Թրենդ» գործակալության, ասել է ադրբեջանցի նախարարը:
Իր հերթին, Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը հայտարարել էր, թե հակամարտության կարգավորումը հնարավոր է արդեն հաջորդ տարի: «Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջեւ բանակցությունների ակտիվացումը, արդեն մոտ ապագայում կարելի է սպասել դրական արդյունքների»,- լրագրողներին ասել է Լենմարկերը Աթենքում, որտեղ ընթանում է ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Նրա խոսքով, երեկ Աթենքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ խնդիրը, որը շարունակելու են այսօր, օրվա երկրորդ կեսին, «եւ դա հույս է ներշնչում»:




























