«Նոյեմբերի 16-ին Փարիզում կայացած ԵԽԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին հիմնականում քննարկվել են ազգային եւ սեռական փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող մի շարք հարցեր»,- դեկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակւթյան անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Հայտնելով, որ քննարկումների հիմքում Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում վերոնշյալ իրավունքների եւ ազատությունների պահպանմանը առնչվող հարցերն են եղել, Զ. Փոստանջյանը նկատեց, որ նիստի առօրյան խիստ հագեցած է անցել, ինչի վկայությունը ընդունված բազմաթիվ բանաձեւերն ու զեկույցներն են։

«Ժառանգության» պատգամավորի խոսքով, նոյեմբերի 16-ին կայացած մոնիտորինգի հանձնաժողովի նիստում Հայաստանին վերաբերող որեւէ հարց չի քննարկվել։ Նրա կարծիքով, սակայն, ուշագրավն այն էր, որ Ադրբեջանի պատվիրակությունն անվստահություն հայտնեց նախկին համազեկուցող Անդրեաս Գրոսսին՝ նրան փոխարինելով բազմաթիվ կասկածների տեղիք տված մալթացի մեկ այլ զեկուցողով։

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամը տեղեկացրեց նաեւ, որ ինքը շրջանառության մեջ է դրել ԵԽԽՎ նախագահի ընտրությունների չափանիշներին առնչվող մի բանաձեւ, որին, նրա խոսքով, միացել են հինգ երկրներ, այդ թվում՝ Կիպրոսը, Լեհաստանը, Մոնակոն եւ Անգլիան, սակայն հայկական պատվիրակությունից ոչ ոք այդ նախագծին կողմ չի քվեարկել։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Սեւրում մասնակցել է Արեւմտյան Հայաստանի խորհրդի 2-րդ համագումարին, որտեղ հավաքված 100-ից ավելի հայեր հնարավորություն են ունեցել հեռուստակամուրջի միջոցով հարցեր ուղղել Հայաստանի հասարակական եւ քաղաքական գործիչներին, ինչպես նաեւ հայ մտավորականներին։