Հայտնի մարզիչ Անատոլի Բիշովեցն իրեն Ռուսաստանի հավաքականի մարզչի լավագույն թեկնածու է անվանել։ Ըստ «Դինամոյի», «Զենիթի», «Տոմիի», «Լոկոմոտիվի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին մարզչի՝ ռուսական ֆուտբոլում չկա մի մասնագետ, ով կարող է ունեցած փորձով համեմատվել իր հետ։

«Ինձանից բացի, հավաքականի մարզչի պաշտոնին հավակնող այլ թեկնածու Ռուսաստանում չկա։ Սա համեստության պակաս չէ։ Բանն այն է, որ Ռուսաստանում չկան մարզիչներ, ովքեր իրենց ունեցած գիտելիքներով եւ փորձով կկարողանան համեմատվել ինձ հետ։ Իսկ եթե որեւէ մեկն այս խոսքերի համար կքննադատի ինձ, թող հարց տա իրեն. կարո՞ղ էր վատ մարզիչը ԽՍՀՄ երիտասարդական հավաքականը դարձնել Եվրոպայի փոխչեմպիոն, ԱՊՀ ազգային հավաքականը դուրս բերել Եվրո-1992, Ասիայի չեմպիոն դարձնել Կորեայի հավաքականը» ։

Բիշովեցը նշել է նաեւ, որ չի պատրաստվում առաջադրվել հավաքականի մարզչի պաշտոնում։