Արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյզ» թիմում հանդես եկող հայազգի ուրուգվայցի հարձակվող Խոակին Բոգոսյանը շարունակում է ուրախացնել իր ակումբի երկրպագուներին: Բոգոսյանը հերթական անգամ հաղթանակ է պարգեւել իր թիմին, այս անգամ «Կոլոնայի» դեմ արտագնա խաղում՝ Արգենտինայի առաջնության 16-րդ տուրում: Խաղն ավարտվել է նվազագույն՝ 1:0 հաշվով՝ հօգուտ հյուրերի, իսկ գոլի հեղինակ դարձել է հենց Բոգոսյանը:

Իր հերթական գոլից հետո Բոգոսյանը ռմբարկուների ցուցակում 9 գոլով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Հարկ է նշել, որ շնորհիվ այդ հաղթանակի՝ «Նյուելզ Օլդ Բոյզ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլային հանրությունը վերջին շրջանում քննարկում է տաղանդավոր հարձակվողին ազգային ընտրանի հրավիրելու հարցը: Այդ կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, թե «Խոակին Բոգոսյանին Հայաստանի հավաքական ներգրավելու հարցը մոտ 90 տոկոսով լուծված է, եւ եթե արտակարգ ոչինչ չլինի, նա կդառնա Հայաստանի հավաքականի խաղացող»:

Հույս ունենանք, որ ՀՖՖ նախագահի խոսքերը կյանքի կկոչվեն: