Իրանի տարածքում ավիավթարի ենթարկված Տու-154 ինքնաթիռում են գտնվել նաեւ ավստրալացի 20-ամյա քույր ու եղբայր: Այս մասին այսօր հաղորդել է «Ֆրանսպրես»-ը, հղում անելով Ավստրալիայի ԱԳՆ-ին:
«Երկու ավստրալացիներ` քույր ու եղբայր, Հարավային Ուելսից ուղեւորների ցանկում են: Տեղի իշխանությունները հաստատել են, որ նրանք գտնվել են ինքնաթիռում: Ներկայումս վստրալացիների դիակները հայտնաբերված չեն»,- նշված է Ավստրալիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ավստրալիան իր «խորը ցավակցություններն» է հայտնել Իրանի ժողովրդին: Իրանում Ավստրալիայի հյուպատոսությունը կապի մեջ է տեղի իշխանությունների հետ եւ պատրաստվում է իր քաղաքացիների դիակների հայրենիք տեղափոխմանը: «Այդ ավստրալիացիները կարող էին ունենալ երկքաղաքացիություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, Իրանի տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում, եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան միջազգային օդանավակայանից թռչելուց 16 րոպե հետո, ինքնաթիռն ընկել է Կազվինի շրջանի Ջենեթաբադ քաղաքի մոտակայքում: Ընկնելուց հետո ինքնաթիռն այրվել է: Բոլոր ուղեւորները զոհվել են, այդ թվում երկու երեխա: Զոհվածների թվում են Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ:




























