Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Armsport.am կայքին հայտնել է, թե որեւէ պայմանավորվածություն չի ունեցել «Արցախ» ակումբի հետ, ուստի դեկտեմբերի 1-ին որեւէ ասուլիս չէր կարող կայանալ:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13-ին հիշյալ ակումբում պետք է կայանար Հայրապետյանի ասուլիսը, եւ նշված ժամին ակումբում էին հավաքվել մի քանի տասնյակ լրագրողներ, սակայն ԱԺ պատգամավորը չէր ներկայացել ասուլիսի: «Արցախ» ակումբի պատասխանատուները կես ժամ լրագրողներին սպասեցնելուց հետո հայտնեցին, թե Հայրապետյանը ՈՒԵՖԱ-ից հյուրեր ունի եւ չի կարող գալ: Նրանք նաեւ լրագրողներին հայտնեցին, թե դեռ նոյեմբերի 29-ին են Հայրապետյանի հետ պայմանավորվել ասուլիսի համար, բայց վերջինս այդպես էլ չներկայացավ:

Ի դեպ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՖՖ մամուլի քարտուղար Տիգրան Իսրայելյանը եւս հաստատել էր, որ ՈՒԵՖԱ-ից ժամանած հյուրերի պատճառով է Հայրապետյանը հրաժարվել ասուլիսից, բայց այդպես էլ չէր կարողացել նշել, թե ովքեր են այդ հյուրերը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ, անդրադառնալով Ծառուկյանի այն հայտարարությանը, թե հոկտեմբերի 14-ին միտումնավոր չի գնացել Բուրսա, քանի որ համոզված էր հայկական ընտրանու պարտության մեջ, Ռուբեն Հայրապետյանը բարոյական չէր համարել հայտարարությունը: «Բարգավաճ Հայաստանն» իր հերթին հայտարարություն էր տարածել եւ նշել, թե Ռուբեն Հայրապետյանը բարոյականության մասին խոսելու իրավունք չունի: «Արցախ» ակումբի տարածած հաղորդագրության մեջ նշված էր, թե Հայրապետյանը բացի ֆուտբոլին առնչվող հարցերից, պետք է խոսի նաեւ ԲՀԿ հայտարարության մասին: