ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը դեկտեմբերի 4-ին Բրյուսելում արտգործնախարարների մակարդակով կայանալիք Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստի դրական արդյունքի հույս ունի: Այդ մասին ասված է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում տեղադրված Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական ներկայացուցչի տարածած հաղորդագրության մեջ:

«Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի բանակցությունների խաթարման մասին լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը սխալ տպավորություն է թողնում: Դրանք արգելափակված չեն: Բանակցությունները շարունակվում են որոշ փաստաթղթերի վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ:

Միաժամանակ, ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Կարմեն Ռոմերոն կոչ է արել չսրել իրավիճակը եւ համոզմունք է հայտնել, թե խորհրդի մասնակիցներին կհաջողվի համաձայնության հասնել հինգշաբթի կայանալիք նիստի օրակարգի վերաբերյալ: ՆԱՏՕ-ի անդամների խոսքով, եվրոպական անվտանգության ճարտարապետության քննարկումը ճիշտ կլիներ ԵԱՀԿ շրջանակներում, հայտնում է GZT.ru-ն: Աղբյուրի տվյալներով, նախօրեին երեկոյան կայացել է Անդերս Ֆոգ Ռասմուսենի եւ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինի հանդիպումը, որի արդյունքներից կարելի է պնդել, թե կառուցողական երկխոսությունը կշարունակվի:

Հիշեցնենք, որ Խորհրդում ի հայտ եկած տարաձայնությունների մասին հայտարարել էր Ռոգոզինը, որը նշել էր, թե կանադական պատվիրակությունն արգելափակել է բոլոր փաստաթղթերը: Նա նաեւ ասել էր, թե ՆԱՏՕ-ում հակառուսական խմբակցություն կա, որը հանդես էգալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբեռնավորման դեմ: